«Կարմիր ցուլերը» դիմացան, «Ինտերը»` ոչ. ՉԼ
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի հերթական երկու հանդիպումները:
Իտալական Ա սերիայի պոտենցիալ առաջատար Միլանի «Ինտերը» սեփական դաշտում ընդունեց անգլիական «Լիվերպուլին»: Դաշտի տերերը սկզբում ավելի վտանգավոր էին գործում, սակայն այդպես էլ չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսում հյուրերին վերահաս գոլից փրկեց հորիզոնական դարպասաձողը, իսկ երկրորդում խաղի մրցավարը չեղարկեց Էդին Ջեկոյի խփած գնդակը` արձանագրելով խաղից դուրս վիճակ:
Իսկ ահա հանդիպման վերջում լիվերպուլցիները երկու հարված կատարեցին միլանցիների դարպասին, և երկու դեպքում էլ հասան արդյունքի: Նախ աչքի ընկավ փոխարինման մտած Ֆիրմինոն, ապա Մոհամեդ Սալահը: Այդպիսով, «Լիվերպուլը» հաղթեց 2:0 հաշվով և քառորդ եզրափակիչ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց:
Զուգահեռ ընթացող խաղում Ավստրիայի չեմպիոն «Ռեդ Բուլ Զալցբուրգը» սեփական դաշտում ընդունեց Մյունխենի «Բավարիային»: Դաշտի տերերը լուրջ դիմադրություն ցույց տվեցին հզոր մրցակցին և, շախմատի լեզվով ասած, գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց ավստրիացի Ժունիոր Ադամուն, իսկ պատասխան գոլը խաղի վերջին րոպեին խփեց ֆրանսիացի Կինգսլի Կոմանը` 1:1:
Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 8-ին: