Նման հայտարարություն անելն անգրագիտություն է․ Սոս Հակոբյան
Աջակցիր «Ա1+»-ինՄիակ տարբերակը, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող էր որևէ արդյունքի ծառայել, երբ որոշումների կայացման համամասնությունը հանձնաժողովում լիներ հավասար կամ ի օգուտ ընդդիմության, որովհետև քննիչ հանձնաժողովները ժողովրդավարական երկրներում ընդդիմադիր ուժերի ձեռքին գործիք են․ «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ չի ստացվու՞մ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանը չմասնակցելով՝ ընդդիմությունը նպաստում է, որ այդ քննությունը օբյեկտիվ չլինի։
«ՀՀ-ում իշխանությունն ունենալով հստակ լծակներ, ազդեցություն իրավական համակարգի նկատմամբ, ունի հնարավորություն եղելությունը պարզելու համար։ Իսկ իշխանության կողմից այսպիսի հնարավոր բեմականացումը հնարավոր է նախօրոք ճնշի, թե՛ հնարավոր նախաքննությունը, թե՛ այն վարույթները, որոնք զուգահեռ կարող են ընթանալ։ Եվ հրապարակային կերպով լինի պահանջ հանգել ցանկալի որևէ արդյունքի, որը կներկայացնի հանրությանը»,- ասաց Սոս Հակոբյանը՝ նշելով, որ ընդդիմությունն ի սկզբանե իմանալով, որ ազդեցություն չի կարող ունենալ նման գործընթացի ելքի վրա, չի ցանկանում մաս դառնալ այդ ամբողջ ֆարսին։
«Ա1+»-ի դիտարկմանը, թե իշխանական պատգամավորներն էլ պնդում են, որ ընդդիմությունը պարզապես չի ուզում մասնակցել իրենց «մեղավորության, պատասխանատվության» չափաբաժնի ծավալների բացահայտմանը, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակն ասաց․ «Նման հայտարարություն անելն անգրագիտություն է»։
«Առաջին հարցը, որ ծագում է՝ ի՞նչ մեղավորություն ունի ընդդիմությունը պատերազմի պարտության կամ առհասարակ իշխանության, կամ պետության տարվող քաղաքականության ցանկացած ոլորտում տապալման համար»,- նշեց Սոս Հակոբյանը և հավելեց, որ յուրաքանչյուր ոլորտում տապալման կամ հաջողության հասնելը ուզես թե չուզես իշխանության ձեռքում է։
Նա հիշեցրեց, որ իշխանության առաջին դեմքը քանիցս ասել է, որ հիմնական պատասխանատուն և մեղավորը ինքն է՝ հետևաբար, եթե իշխանություն ես, պիտի կրես քո գործունեության հետևանքով առաջացած հետևանքների ծանրությունը։
Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին: