Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիկին Գալստյան, այսպես շարունակեք, մյուս քարոզարշավին որոշակի գումար ձեզ կհատկացնեմ (տեսանյութ)

Հաշվի առնելով առաջին մասնագիտությունս և այն լրատվամիջոցը, որտեղ ես աշխատել եմ, կարող են ինձ  ամեն ինչում մեղադրել են, բայց ոչ ապատեղեկատվության մեջ։

«ՔՊ» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը այսպես արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքերին։

Նշենք, որ մինչ այդ Գալստյանը Սիսակ Գաբրիելյանին մեղադրել էր դեմագոգիայի մեջ և ասել, որ նա տիրապետում է հանրությանը մոլորեցնելու արվեստին։

Լիլիթ Գալստյանի խոսքով` ինքը հանրակրթության մասին օրենքի նախագծի առնչությամբ բազմաթիվ առաջարկություններ է արել, որոնք թեպետ ընդունվել են, բայց իր հիմնական մտահոգությունը առնչվել է կառավարման նոր մոդելին, որը, պատգամավորի խոսքով, անտեսվել է։

ՔՊ-ական պատգամավորը պնդեց, թե բառացի հիշում է իր ասածը. «Այո, ես ասել եմ, որ դուք արել եք մեկ տասնյակից ավել առաջարկներ, որոնք ընդունվել են։ Այն, ինչի վերաբերյալ մտահոգություն ունեք, առաջարկ չեք արել»։  

Գաբրիելյանի խոսքով` եթե պատգամավորի խոսքով իր արած առաջարկներն ընդունվել են, բայց նա դեմ է քվեարկում, ուրեմն  կարելի է ենթադրել, որ Գալստյանը պարզապես դեմ է քվեարկում նախագծին։

Սիսակ Գաբրիելյանը խորհուրդ տվեց ընդդիմադիր պատգամավորին շարունակել այս գործելաոճը։

«Էլ ավելի փիառ արեք, որ դուք սահմանադրական դատարանում վիճարկում եք ապօրինի գույքի բռնագանձումը։ Մեր հասարակությունը կարող է նաև տեղյակ չի, որ ընդդիմությունը ուզում ա, որ պետությանը հարստահարած, տարիներ շարունակ միլիոններ դիզած մարդիկ պետությանը հետ չվերադարձնեն»,-պարզաբանեց Սիսակ Գաբրիելյանը։

Պատգամավորը շեշտեց, որ ընդդիմությունն ունի համապատասխան մասնագետներ և օրենքը լավարկելու փոխարեն պարզապես ուզում է ՍԴ-ում վիճարկել այն, որպեսզի օրենքը չգործի։

«Էս տեմպերով, որ դուք շարունակեք, ես ձեզ խոստանում եմ մյուս քարոզարշավին իմ աշխատավարձից որոշակի գումար ձեզ հատակցնել»,- ասաց Գաբրիելյանը և հավելեց, որ նման գործելաոճը ապահովում է իր (խմբ․ Սիսակ Գաբրիելյանի) ներկայությունը ԱԺ-ում։