Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան
A A
Պաշտոնական

Այսօր մեր տոնացույցի կարևորագույն օրերից է․ Բեգլարյան

 

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ուղերձ է հղել՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ 

 
Այսօր մեր տոնացույցի կարևորագույն օրերից է, երբ հիշում, գնահատում ու հպարտանում ենք Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած եղբայրներով ու քույրերով: Որքան էլ ծանր լինեն ժամանակները և խրթին՝ մարտահրավերները, հատկապես, երբ կորսված Հայրենիքի ցավն է յուրաքանչյուրիս հոգում ծանրացած, մենք մեծ երախտագիտությամբ ենք նշանավորում Հայրենիքի պաշտպանների տոնը:
 
Հայրենիքի պաշտպանի մշտարթուն ու մտահոգ հայացքը արտացոլում է մեր միտքը, նրա զորեղ բազուկը՝ մեր ամենօրյա աշխատանքը, նրա կեցվածքը՝ մեր արժանապատվությունն ու արժեհամակարգը:
 
Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը:
 
Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած ու անմահացած նվիրյալների հիշատակին, եղբայրաբար գրկում ու շնորհավորում եմ սահմանում, զորամասում ու իր վաստակած հանգիստը վայելող Հայրենիքի պաշտպաններին:
 
Բարի ու խաղաղ ծառայություն եմ մաղթում մեր պաշտպանական համակարգը նոր համալրող երիտասարդներին, վստահ, որ Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը նրանք իրականացնելու են բարձր պատասխանատվության, ֆիզիկական ու մտավոր ուժի և մշտապես կատարելագործվելու միջոցով: Վերջապես, այս որակները անհրաժեշտ են յուրաքանչյուրիս, որ ծվատված ու խոցված Հայրենիքը կարողանանք փայփայել, պահպանել, որպեսզի յուրաքանչյուրս անձնապես ու մասնագիտորեն լիարժեք ու լիիրավ վաստակենք Հայրենյաց Պաշտպանի բարձրագույն կոչումը: