Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 22-ը հունվարի․ Էդվարդ Նալբանդյանը հույս ունի, որ Թուրքիան չի ձգձգի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը (տեսանյութ)

1998-ի հունվարի 23-ին Հայաստանի ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը դառնում է 75 տարեկան : Մեծ դերասանը տխուր է : Ինքն, իհարկե, ամեն ինչ անում է, որ տրամադրությունը բարձրացնի: 55 տարի բեմում խաղալուց հետո նա ոչ մի նոր ծրագիր չունի: Նույնիսկ հրաժարվել է մեծարման երեկոյից: Ատում է նման բաները:

1998-ի հունվարի 23-ին իշխող Հայոց համազգային շարժումը հայտարարություն է տարածում, որով ակնարկում է, որ խորը հակասություններ ունի Ռոբերտ Քոչարյանի եւ ուժային նախարարների հետ: Կուսակցությունն ակնարկում է նաեւ, որ նախագահ Տեր-Պետրոսյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել կառավարության կողմից, որն արդեն անցել է ահաբեկչությունների: ՀՀՇ-ն հայտարարում է՝ ինքը նախագահի հետ է:

Երեք օրում երեք ահաբեկչական գործողություն, երեքն էլ պաշտոնական անձանց նկատմամբ : ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը ընդունում է, որ նույն օրը ՀՀՇ-ի հայտարարությամբ վարչությունը ցույց է տալիս, որ ներքաղաքական վիճակը լարված է : ՀՀՇ ղեկավարությունը գտնում է, որ կառավարության հետ պետք է բանակցություններ սկսել:

Վազգեն Սարգսյանը 1998-ի նույն օրը լրագրողներին հավաքել է ասելու, որ ինքը չի կասկածում նաեւ Ռոբերտ Քոչարյանին : Իսկ վերջին օրերի երեք ահաբեկչությունները Ռուբեն Հայրապետյանի, Արծրուն Մարգարյանի եւ Ռոմեն Ղազարյանի հանդեպ Վազգեն Սարգսյանը որակեց իբրեւ քաղաքական խաղեր:

«Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը 2000-ի հունվարի 22-ին դեմ է վերջին օրերի թեմա դարձած արտահերթ նախագահական ընտրությունների պահանջին: Բաղդասարյանը չի ասի, թե ինչ սոցիալական միջոցառումների մասին է խոսքը: Մարդն ընդունում է, որ, այո, երկրում կա ներքաղաքական ճգնաժամ, որում ժողովրդին բանի տեղ դնող չկա:

2000-ի այս օրը նախագահ Քոչարյանը մեկնում է Մոսկվա մասնակցելու ԱՊՀ երկրների հերթական գագաթաժողովին: Նրա հետ է վարչապետ Արամ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը եւ այլ անձինք: Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնակատար Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Նույն օրը կանանց «Գլորիա» ակումբը հյուրընկալում է երգչուհի Ռաիսա Մկրտչյանին: Ըստ նրա, երկրում համատարած անճաշակություն է, իրական ստեղծագործողը պարապ նստած է: Տիկին Ռաիսան նկատում է, որ իրեն երգիչ են դարձրել կոմպոզիտորները եւ ոչ թե փողը, այլ հարց, որ ինքն արդեն չի ձայնագրվում:

Տեսողության խնդիրներ ունեցողները 2001-ի հունվարի 22-ին բողոքում են իրենց հարկային արտոնություններից զրկելու կառավարության որոշման դեմ: Ժամանակին այս մարդիկ ազատված էին բոլոր հարկերից, մի քանի արտադրամաս էին պահում այդ արտոնություններով: Այսօր այս մարդիկ իրենց «Կույրերի միավորում» կոչվող շենքը տվել են վարձակալության եւ իշխանություն չունեն նույնիսկ իրենց մնացած միակ սենյակի վրա:

Ազգային Ժողովում 2002-ի այս օրը ընդդիմադիր պատգամավորներն արդեն այդքան էլ սրերով չեն դիմավորում Սահմանադրության փոփոխությունների Ռոբերտ Քոչարյանի նախագիծը: Նախագծի քննարկման ժամանակ նկատի ունենալով իր նախկին կուսակից Սեյրան Ավագյանին, Արշակ Սադոյանն ուզում է հասկանալ՝ կարո՞ղ է մարդը պատգամավոր դառնալ կոնկրետ կուսակցության ցուցակով ու ծրագրով եւ խորհրդարանում աշխատել նրա դեմ: Սեյրան Ավագյանը Սադոյանին այս հարցը չի ների:

2010-ի այս օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հույս ունի, որ Թուրքիան արհեստական պատրվակներով չի ձգձգի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները 2011-ի այս օրը լցվել են քաղաքապետարանի գեոդեզիայի բաժին: Նրանք կաշառքի դեպք են բացահայտել: Բաժնի աշխատակից Ռուստամ Մաթեւոսյանը քաղաքացուց 10 հազար դոլար կաշառք է ուզել գործարքն իրականացնելու համար: 2 ժամվա օպերացիայից հետո 26-ամյա Մաթեւոսյանին ձերբակալում են, ինչպես ասում են, գործի վրա: