Բացել լրահոսը Փակել լրահոսը
d5abd5b6d5b9d5b8d682d59e-d5a7-d683d5a1d5afd5bed5b8d682d5b4-d5a3d5a5d5b6d5a5d680d5a1d5ac-d5b4d5a1d5b6d5bed5a5d5acd5ab-d5b0d5a1d5b5d680_61e81f5049192
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ինչու՞ է փակվում գեներալ Մանվելի հայրենի գյուղի՝ Արշալույսի արվեստի դպրոցը

Երեկվանից համացանցում լուրեր էին շրջանառվում, որ փակվել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի արվեստի դպրոցը։

Հիշեցնենք՝ խոշորացումից հետո Արշալույսը ընդգրկված է Խոյ համայնքի կազմի մեջ։

Շրջանառվող լուրի իսկությունը պարզելու համար «Ա1+»-ը կապ հաստատեց Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ։

«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, իմ որոշմամբ արվեստի դպրոցի փակվելու որոշում չի կայացվել։ Դուք կարող եք կապվել Արշալույսի համայնքապետարան։ Այնտեղ ավելի կոնկրետ ձեզ կասեն»,- ասաց Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։

Բայց չէ՞ որ խոշորացումից հետո Արշալույս համայնքը գտնվում է Ձեր ղեկավարության տակ․ «Ա1+»-ի այս դիտարկմանը Արգիշտի Մեխակյանն այսպես արձագանքեց․ «Իմ ղեկավարության տակ է, բայց քանի որ ընդունում-հանձնում չի եղել, ես համայնքներից չեմ ընդունել և՛ գույքը, և՛ այլ միջոցներ, այս պահին չեմ տիրապետում։ Ուղղակի չեմ ուզում չճշտված ինֆորմացիա ձեզ ասել։ Հստակ կարող եմ ասել՝ խոշարացումից հետո Արշալույս համայնքի արվեստի դպրոցը փակելու որոշում չի կայացվել»,- ասաց Մեխակյանը։

Փորձեցինք կապ հաստատել Արշալույսի համայնքապետի կամ աշխատակիցներից որևէ մեկ հետ, բայց ապարդյուն։ Նշենք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արշալույսի համայնքապետարանի կայքում տեղադրված հեռախոսահամարը չէր գործում։

Արշալույսի արվեստի դպրոցից «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեցին․ «Այս պահին միայն բանավոր ձևով մեզ տեղյակ են պահել, որ դպրոցը չի գործում։ Ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել։ Ի՞նչ պատճառով և ու՞մ որոշմամբ է փակվել՝ մեզ չեն ասում»։

Նշենք, որ Արշալույս գյուղում է ծնվել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ով մահացել է 2020 թ․ նոյեմբերի 19-ին։