Բացել լրահոսը Փակել լրահոսը
271740595_193115896314394_6322114892500011816_n
A A
Հասարակություն

Կրճատվելու են ամբուլատորից ստացիոնար օղակ անհիմն ուղորդումները. փոխնախարար

Առողջապահության նախարարությունն առաջիկայում լուրջ բարեփոխումներ է իրականացնելու, որոնք առնչվելու են մանկաբուժությանը։


«2021-2026թթ. միջոցառումների ծրագրում ներառված են մանկական բնակչության առողջության բարեփոխումները և առաջնահերթությունները` ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պոլիկլինիկական համակարգերում»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը` ներկայացնելով մանկական բնակչության առողջության բերեփոխումները:

Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են գործող մասնագետներ՝ ինչպես բժիշկներ, այնպես էլ վարչական կազմի ներկայացուցիչներ` թե' ստացիոնար, թե' ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններից, ընդգրկված է նաև ՀՀ Ան մանկաբուժության գծով խորհրդականը:

«Այս կազմով ուսումնասիրում ենք առկա խնդիրները՝ արձանագրելով բոլոր բացթողումները թե' բուժական, թե' ֆինանսական մասով»,- նշեց Արտակ Ջումայանը:

Առողջապահության նախարարի տեղակալը բացեց փակագծերը՝ բարեփոխումների արդյունքում ընդլայնվելու են մանկաբուժական ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները:

«Բարեփոխումների արդյունքում կրճատվելու են ամբուլատոր օղակից ստացիոնար օղակ անհիմն ուղորդումները։ Դրան հասնելու համար մենք նպատակ ենք դրել նոր չափորոշիչներ հաստատել և բարձրացնել առաջին օղակի բուժանձնակազմի կրթական մակարդակը` դրանով իսկ նրանց հնարավորություն ընձեռելով զբաղվել բոլոր այն հիվանդություններով, որ միջազգային չափորոշիչների համաձայն իրականացվում են առողջության առաջնային պահպանման օղակներում»,- ասաց Ջումայանը:

Թարմացվում է նաև հիվանդությունների ցանկը, որպեսզի պոլիկլինիկայի բժիշկը հստակ իմանա, թե որ դեպքում կարող է հիվանդին ուղղորդել հիվանդանոց:

Նախարարի տեղակալը ընդգծեց, որ մի շարք հիվանդությունների դեպքում պացիենտներն անհարկի ուղղորդվում են ստացիոնար բուժման, որի արդյունքում մի շարք քրոնիկ հիվանդությունների սրման կամ սեզոնային վարակների ակտիվացման շրջանում ստացիոնարներում մահճակալային ֆոնդի սպառում կամ գերլարված իրավիճակ է արձանագրվում։

Ըստ փոխնախարարի, հիմնվելով միջազգային փորձի վրա, փոփոխություններ են իրականացվելու նաև մի շարք հիվանդությունների դեպքում ստացիոնարում բուժման ժամանակահատվածների ցուցումների վերաբերյալ։

Նախարարի տեղակալը հիշեցրեց նաև, որ դեռևս 2021 թվականից Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտում բացվել է հինգ մահճակալային ֆոնդով բաժանմունք և այս պահին աշխատանքներ են տարվում ամբուլատոր պալիետիվի (անցավ) խնամքի հայեցակարգի և չափորոշիչների մշակման ուղղությամբ, ինչպես նաև Արաբկիր բժշկական կենտրոնի հետ համատեղ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հայաստանում լինի ամբուլատոր ծառայություն, որը առաջիկայում կներառի ամբողջ հանրապետությունը:

 

Արտակ Ջումայանն առանձնահատուկ նշեց, որ մարզային բժշկական կենտրոնների ինտենսիվ թերապիայի ծառայությունների որակի բարձրացման, բժշկական կենտրոնների վերազինման և բուժանձնակազմի վերապատրաստման ուղղությամբ ևս լուրջ ծրագրեր են իրականացվելու։

Փոխնախարարը հավաստացրեց՝ բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում մինչև 18 տարեկան երեխաների բուժօգնությունը շարունակելու է անվճար մնալ, բայց դրան զուգահեռ վեր են հանվելու և լուծվելու են բոլոր խնդիրները, որոնք առկա են ստացիոնար բուժօգնության տրամադրման ֆինանսավորման գործընթացում. իրականացվելու են ճիշտ վերաբաշխումներ։

 

Ամբողջական բարեփոխումների արդյունքում պացիենտը ունենալու է ամաբուլատոր էլեկտրոնային քարտ և անձնական էլեկտրոնային սենյակ, որտեղ տեսանելի կլինեն բոլոր այցերը, հերթագրումները, և պացիենտները կխուսափեն ավելորդ հերթերից, իսկ բժիշկ-պացիենտ կապը կդառնա նաև ինտերակտիվ։