ՌԴ քաղաքական էլիտիան իր մաշկի վրա է զգում այս ամենը․ պատգամավոր
Աջակցիր «Ա1+»-ինԹշնամու ակտիվությունը կապված է գեոքաղաքական իրողությունների հետ և անմիջապես կապ ունի Ղազախստանում կատարված վերջին իրադարձությունների հետ, ՀԱՊԿ նախագահող ՀՀ դիրքորոշման հետ։
«Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հնչեցրեց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է թշնամին կրկին ակտիվացել։
«Ադրբեջանական կողմը առաջին անգամ չէ, որ ցույց է տալիս իր դեմքը՝ կրակ բացելով խաղաղ բնակիչների և բնակավայրերի ուղղությամբ։ Մեծ առումով սա առանձնահատուկ դեպք չէ։ Ե՛վ Կարմիր շուկայի դեպքը, և՛ Ասկերանի դեպքերը՝ կրակել խաղաղ բնակիչների վրա, ադրբեջանական քաղաքականության և հաշվարկների մեջ մտնող սառը և ընդունելի մարտավարություն է։
Կարծում եմ՝ թուրքական և ադրբեջանական մամուլի և պետական պաշտոնյաների առանձին հայտարարությունները փաստում են, որ իրենք բավականին ծանր են տարել Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելը և Հայաստանի մասնակցությունը այդ գործընթացներին, և սա փորձ է ՀԱՊԿ վարկանիշը ևս մեկ անգամ վարկաբեկել։ Վստահ եմ՝ այս ամենն իր կաշվի վրա զգում է ռուսական քաղաքական էլիտան և հասկանում է՝ ՀՀ-ի սահմանների և Արցախում ռուս խաղաղապահների ուղղությամբ կրակած փամփուշտները նաև իրենց են ուղղված»,-ասաց Աղաբեկյանը։
Մեր հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի զսպվի ադրբեջանական ագրեսիան, Արցախի ԱԺ պատագամավորն ասաց՝ ամենակարևոր քայլը ճիշտ ժամանակին և փաստերով խաղաղապահներին զեկուցելն է։
«Մեր Ներքին գործերի նախարարությունը բոլոր դեպքերի վերաբերյալ հանրային մակարդակով և համապատասխան ծառայությունների միջոցով տեղեկատվությունը փոխանցել է ռուս խաղաղապահներին և նրանք տեղեկացված են, թե ինչ է կատարվել։ Արտաքին քաղաքական մակարդակով՝ ՄԻՊ-ի և ԱԳՆ-ի կողմից եղել են հայտարարություններ, և կարծում եմ, որ այս ամենը ավելի արդյունավետ է լինելու, եթե իրավիճակի գնահատում կատարվի և որոշակի հարցեր համաձայնեցնելով՝ փորձենք հասկանալ ինչպիսի քայլերի և զարգացումների պետք է գնանք, որպեսզի հաղթահարենք այս լարվածությունը»,-նշեց Արամայիս Աղաբեկյանը։