Սահմանային միջադեպերից խուսափելու մի երաշխիք կա․ Արման Թաթոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերը հարձակման ենթարկելու դեպքերի հիմքում Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականությունն է։ Վերջին օրերին ադրբեջանական ագրեսիայի ցայտուն դրսևորումները այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ այսպես մեկնաբանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում չկա մի ոլորտ՝ սկսած գիտությունից և վերջացրած սպորտով, որտեղ կարմիր թելով չի անցնում հակահայկական քարոզը։
Թաթոյանի կարծիքով՝ այս քաղաքականությունը Ադրբեջանում չի վերջանում, քանի որ սա նրանց պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է։
«Մի գրամ անգամ չի նվազել ատելությունը»,-ասում է Թաթոյանը։
Ադրբեջանում հնչող խաղաղության մասին հայտարարությունները շղարշ են միջազգային հանրության համար՝ համոզված է ՄԻ պաշտպանը։
Նա նաև չի կիսում Հայաստանի ԱԳՆ-ի կողմից երեկ հայտարարված ադրբեջանա-հայկական սահմանին երկու կողմից զորքերը հայելային տարբերակով հետ քաշելու գաղափարը։
«Դա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է»,-պնդում է նա։
Թաթոյանը հարցադրում է անում՝ արդյո՞ք զորքերի հետքաշումը վերականգնելու է մարդկանց բնականոն կյանքը։
Խոսելով պաշտպանության երաշխիքների մասին, նա ընգծում է՝ երբ չկան սեփական իրավունքների պաշտպանության երաշխիքներ, խնդիրներն ավելի են մեծանում։
Թաթոյանը հայտարարեց՝ սահմանային միջադեպերից խուսափելու գլխավոր երաշխիքը ադրբեջանական զինուժի հեռացումն է։
Նրա կարծիքով՝ դա պետք է հիմնավորվի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։
Այս առաջարկը կարող է ստանալ միջազգային աջակցություն, քանի որ դրա հիմքում ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և այլ կառույցների առաջարկած չափանիշներն են՝ բացատրում է Թաթոյանը։
«Ապառազմականացված անվտանգության գոտին լինելու է չեզոք և չի պատկանելու որևէ կողմին։ Դա անհրաշետ է լինելու, որպեսզի մարդիկ շնչեն։ Մնացած հարցերը կորոշվեն արդեն սահմանագծման և սահմանազատման արդյունքում»,- ասում է ՄԻՊ պաշտպանը ու հավելում․ «Սա հնարավորություն կտա պաշտպանել նաև զինվորներին, սահմանապահներին, ոստիկանության և ԱԻՆ ծառայողներին»։