Բացել լրահոսը Փակել լրահոսը
9440fd4
A A
Հասարակություն

Հայտնաբերվե՞լ է «դելտակրոն» Հայաստանում

Հայաստանում դեռ «դելտակրոն» չի հայտնաբերվել՝ այսինքն չի սեկվենավորվել։ Ա1+-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ օրերս Կիպրոսում հայտնաբերվել է կորորանվիրուսի նոր շտամ, որը  «Դելտայի» և «Օմիկրոնի» հիբրիդն է։

Այս պահին  ունենք սեկվենավորված և հաստատված «օմիկրոն» շտամով վարակման 2 երկու դեպք։ Նախարարի մամուլի խոսնակը շեշտեց, որ երկու դեպքն էլ Հայաստան դրսից է եկել։

Ինչ է արվում, որպեսզի կանխվի դելտակրոնի մուտքը Հայաստան հարցին ի պատասխան Խաչատրյանն ասաց, որ կորոնավիրուսի նոր շտամերի դեպքում նոր միջոցներ չեն կիրառվում։

«Սահմանափակող և կանխարգելիչ բոլոր միջոցառումները, որոնք ի սկզբանե իրականացվել են,  շարունակվում են»,- ասաց Խաչատրյանը և հիշեցրեց, որ օտարերկրացիների մուտքը ՀՀ թույլատրվում է միայն ՊՇՌ թեստի առկայության դեպքում։

«ՀՀ քաղաքացիները, ովքեր պատվաստված են,  Հայաստան են վերադառնում պատվաստված լինելը հավաստող QR կոդը ցույց տալով, իսկ չպատվաստվածները պարտադիր պետք է ՊՇՌ թեստ հանձնեն»,- ասաց նա։

Հիշեցնենք՝  հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։