Նիկոլայ Ղազարյանը 75 տարեկան է
Աջակցիր «Ա1+»-ին«Արարատ 73»-ի նախկին հարձակվողը ԽՍՀՄ բարձրագույն լիգայում խփել է 67 գոլ։
«Արարատ 73»-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը:
Լեգենդար թիմի ապագա ձախ եզրային հարձակվողը ծնվել է 1947 թվականի հունվարի 11-ին, Բաքվում։ 1959 թվականին Ղազարյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Նույն տարում Նիկոլայ Անդրեյի Ղազարյանը ֆուտբոլ սկսել է պարապել Երևանի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Արմենակ Դուրգարյանի մոտ։
1965 թվականին հրավիրվել է Երևանի «Արարատ», որտեղ հանդես է եկել մինչև 1976թ։ Նա թիմի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973թ), կրկնակի փոխչեմպիոն (1971, 1976 գարուն) և գավաթակիր (1973 1975)։ ԽՍՀՄ բարձրագույն լիգայի առաջնությունում անցկացրել է 295 խաղ, խփել 67 գոլ։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա սովորել է Մոսկվայի մարզիչների բարձրագույն դպրոցում։ Երկու տարի աշխատել է Եթովպիայում՝ որպես ազգային հավաքականի խորհրդատու-մարզիչ։ Վերադառնալով Երևան, Նիկոլայ Ղազարյանը աշխատանքի է անցել Խորհրդային Հայաստանի Սպորտկոմիտեին կից գործող ֆուտբոլի բաժնում։ Կարճ ժամանակով գլխավորել է Երևանի «Արարատը»։
1992-94թթ եղել է Հայաստանի Հանրապետության նորաստեղծ ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահը։ Այնուհետև ֆուտբոլի տարբեր ակումբներում կատարել է ադմինիստրատիվ աշխատանքներ։
2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
2017 թվականին ծննդյան 70-ամյակի առթիվ պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Նիկոլայ Ղազարյանն ունի չորս զավակ` երեք դուստ, մեկ որդի: Նա յոթ թոռնիկների երջանիկ պապիկ է:


Վարդան Արզումանյան