Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հավատացած եմ՝ մեր դարավոր բարեկամության պատմությունը կհամալրվի համատեղ ձեռքբերումների փառավոր էջերով․ Կոպիրկին (տեսանյութ)

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ուղերձը․

«Թանկագին ընկերներ,
Թույլ տվեք սրտանց շնորհավորել ձեզ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան լուսավոր տոնի առիթով:

 

Ավարտվող տարին դյուրիններից չէր: Սակայն կարևոր է, որ այս ամբողջ ընթացքում մեր ժողովուրդները զգացել են միմյանց աջակցությունը՝ բարեկամաբար կանգնելով ուս ուսի:

Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն ի ցույց դրեցին նրանց միջև փոխգործակցության համակողմանի զարգացման և խորացման արդիականությունը, այլև ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն։ Դրանց հետևում կոնկրետ գործեր են: Ռուսաստանը առավել նշանակություն է տալիս այն բանին, որ հայ ժողովուրդը հնարավորինս շուտ զգա իրեն անվտանգ և կարողանա վստահ նայել ապագային։ Այդ նպատակին են ծառայում այն ջանքերը, որոնք Ռուսաստանը հետևողականորեն ձեռնարկում է մեր խաղաղապահ զորախմբի գործողությունների գոտում խաղաղ կյանքի ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին առաջացող խնդիրների լուծման, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ զարգացման և բարգավաճման համար պայմաններ ստեղծելու համար։

Չնայած բոլոր դժվարություններին՝ նախորդ տարի շարունակել են ակտիվորեն զարգանալ մեր առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների ելքը մինչպանդեմիայի մակարդակ։ Խորացվել են նաև հումանիտար կապերը, այդ թվում՝ մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում:

Մարդկանց միջև կապերն ավելի են ամրապնդվել: Փոխգործակցությունը բոլոր մակարդակներում առանձնացել է ակտիվ բովանդակային բարձր աստիճանով, կառուցվել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա։ Վստահ եմ, որ սերտ համագործակցությունը կշարունակվի նաև 2022 թվականին:

Գալիք տարին հատկանշական է՝ մեր երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Մենք միասին անցել ենք մեծ ճանապարհ: Դեռ անելիքներ շատ ունենք: Հավատացած եմ, որ մեր դարավոր բարեկամության պատմությունը հետագայում ևս կհամալրվի համատեղ հաջողությունների ու ձեռքբերումների փառավոր էջերով:

Թանկագին ընկերներ,
Ամանորյա տոնի կախարդանքը փոխակերպում է աշխարհը, մարդկանց մեջ բացահայտում լավագույն հատկանիշները: Յուրաքանչյուր ընտանիք ունի ամանորը դիմավորելու իր ավանդույթները, բայց բոլորին միավորում է միմյանց հանդեպ բարության, ջերմության և հոգատարության մթնոլորտը։ Թող սերը և փոխըմբռնումը չլքեն ձեր ընտանիքները, համախմբեն սերունդներին և օգնեն հաղթահարել ցանկացած դժվարություն։

Նոր տարին արդեն թակում է բոլորիս դռները: Մաղթենք միմյանց առողջություն, համբերություն և տոկունություն, ինչպես նաև մարդկային հասարակ երջանկություն: Իսկ մեր երկրներին խաղաղություն և բարգավաճում:
Շնորհավո՛ր Նոր տարի»: