Հայաստանը 11 մասնակից կունենա արագ շախմատի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 25-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կմեկնարկի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ Ինչպես տեղեկանում է շախմատի միջազգային ֆեդերացիան, տղամարդկանց մրցաշարի մասնակիցների ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։
Հայաստանից հանդես կգան 9 շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Առաջնությանը հայտավորված են նաև մեր հայրենակիցներ Լևոն Արոնյանը և Դավիթ Պարավյանը, որոնք ներկայացնում են համապատասխանաբար ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Կանանց առաջնությանը Հայաստանից կմասնակցեն Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը։
Հավելենք, որ շախմատիստները երեք օրում կանցկացնեն 13-ական, իսկ կանայք՝ 11-ական պարտիա։ Արագ շախմատի աշխարհի առաջնության ավարտից հետո կմեկնարկի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ Այն կտևի երկու օր և կավարտվի դեկտեմբերի 30-ին։