Թուրքական նախապայմաններ ոչ միայն կան, այլև ավելացել են՝ այդ թվում Զանգեզուրի միջանցքի հարցը․ թուրքագետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը և Թուրքիան գնում են բանակցությունների։ Սա արդեն իրողություն է։ Երկու կողմերը նշանակել են բանագնացներ, որոնց միջոցով պետք է վերականգնվի դեռ 2009-ին Ցյուրիխում ստորագրված, բայց չվավերացված արձանագրություններից հետո երկու պետությունների միջև ընդհատված երկխոսությունը։ Երկխոսությունն այդ, սակայն, շարունակվելու է այլ հանգամանքներում, երբ Արցախի զգալի մասը բռնազավթված է, իսկ Ադրբեջանի հետ սահմանային լարվածությունները ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում։ Այս ամենին զուգահեռ դեռ շարունակվում են խոսակցությունները Հայաստանի նկատմամբ թուրքական հայտնի նախապայմանների մասին։
Ի՞նչ կարող ենք անել այսպիսի խաղաքարտերով և որո՞նք են մեր անելիքները։ «Ա1+»-ի հարցերին է պատասխանել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրը, որ հիմա մենք ունենք, դա թուրքական նախապայմաններին համաձայնություն չտալն է․ «Կասկածում եմ, որ այս իշխանությունը, այս բանակցողները և այս ստարտային հնարավորությունները թույլ են տալու, որպեսզի Հայաստանը կարողանա մերժել այդ նախապայմանները»։
Հավաստիացումները, որ թուրքական նախապայմաններ չկան, լուրջ չեն՝ ընդգծում է թուրքագետը։
Նրա համոզմամբ, թե՛ թուրքական պաշտոնական հայտարարությունները և թե՛ իրենց քաղաքականության տրամաբանությունը խոսում են նրա մասին, որ նախապայմաններ, այնուամենայնիվ, գոյություն ունեն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: Ըստ շատ փորձագետների՝ կա նաև 3-րդ նախապայման՝ Կարսի պայմանագրի ճանաչումը։
Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Թուրքիայի հայտնի 3 նախապայմաններին ավելացել են ևս մի քանիսը՝ Ցեղասպանության հարց, Արցախի հարց, հիմա էլ Զանգեզուրի միջանցք և այլն։
Բանախոսը դա համարում է ամենաառաջնային խնդիրը, նշելով որ Հայաստանը, այնուամենայնիվ, պետք է ձգտի Թուրքիայի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատել։ Նրա համոզմամբ, սակայն, գործող իշխանությունների պարագայում դա անհնար է։
Ռուբեն Մելքոնյանը «Ա1+»-ի հետ զրույցում առանձնացրեց 3 կարևորագույն կետ, որոնք հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ճանապարհին, բանակցությունների ժամանակ մեզ համար պետք է լինեն առաջնային։
1․ Հայաստանի և Արցախի՝ հատկապես Արցախի ինքնորոշված ժողովրդի շահերի պաշտպանություն և այդ հարցում որևէ հետընթացի բացառում։
2․ Հայոց Ցեղասպանության հարցը դարձնել ոչ թե միջպետական հարաբերությունների, այլ՝ պատմական ճշմարտության, համամարդկային չարիքի դեմ պայքարի հարց և որևէ դեպքում այդ հարցում չգնալ զիջումների։
3․ Ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն թուրքական փափուկ ուժի, տնտեսական ուժի և այլնի միջոցով Հայաստանի դեմ տարատեսակ քայլերը։
Թուրքագետի խոսքով՝ Հայաստանում օրենսդրությունը պետք է բարեփոխվի, որպեսզի գյուղատնտեսության մեջ, գործարար ասպարեզում և այլ ոլորտներում Հայաստանի քաղաքացիները չհայտնվեն ոչ շահեկան վիճակում։