Ուկրաինական և բելգիական ֆիասկո. Հայ ֆուտբոլիստներից պայքարը կշարունակի Հենրիխ Մխիթարյանը
Աջակցիր «Ա1+»-ին
Եվրոպայի ֆուտբոլային խաղադաշտերում կայացան աշխարհամասի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները:
Հայաստանի ֆուտբոլիստներից հանդես եկավ միայն մեր հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը Կիպրոսի «Անորտոսիս» թիմի կազմում մասնակցեց Բելգրադի «Պարտիզանի» հետ խաղին: Ավաղ, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1, և կիպրոսյան ակումբը 2 միավորով ետ մնաց սերբական ակումբից և դուրս մնաց հետագա պայքարից:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Կամո Հովհաննիսյանը այս անգամ չէին հայտավորվել իրենց թիմերի կազմերում և բաց թողեցին վերջին տուրի խաղերը: Հռոմի «Ռոման» առանց հայ ֆուտբոլիստի Սոֆիայում 3:2 հաշվով հաղթեց տեղի ԲԿՄԱ-ին, վաստակեց 13 միավոր և գրավեց 1-ին տեղը: Իտալական ակումբը միանգամից մտավ 1/8 եզրափակիչ:
Կամո Հովհաննիսյանի թիմը` Ալմաթիի «Կայրաթը»,արդեն վաղուց դուրս էր մնացել փլեյ-օֆֆի ուղեգրերի համար պայքարից, այդ իսկ պատճառով Կիպրոսի «Օմոնիայի» հետ խաղը մարզական առումով ոչ մի նշանակություն չուներ: Այն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:
Ընդհանուր առմամբ եվրոպական երեք լիգաների խմբային փուլերից հետո բոլորից շատ կորուստներ կրեցին Ուկրաինան ու Բելգիան, որոնց երեքական ակումբները դուրս մնացին հետագա պայքարից: Երկուական թիմ կորցրին Բուլղարիան, Կիպրոսը և Գերմանիան: Թոփ հնգյակից Իսպանիան ու Ֆրանսիան են պահպանել իրենց բոլոր ակումբներին: Անգլիայից դուրս է մնացել Լոնդոնի «Տոտենհեմը», Իտալիայից` Ա սերիայի ներկայիս առաջատար «Միլանը», Գերմանիայից` «Վոլֆսբուրգն» ու «Ունիոն Բեռլինը»:
Խմբային փուլից հետո իրենց ներկայացուցիչներին վերջնական զրկվեցին 14 երկրներ: Դրանք են Ուկրաինան, Կիպրոսը, Շվեդիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Լեհաստանը, Ղազախստանը, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Հայաստանը, Էստոնիան և Ջիբրալթարը:
Պայքարը կշարունակեն 22 երկրների ակումբներ: Բոլորից շատ ներկայացուցիչ ունի Իսպանիան` 7 թիմ: Ապա հաւորդում են Անգլիան, Իտալիան, Ֆրանսիան` 6-ական, Գերմանիան, Նիդեռլանդները` 5-ական:
Չեմպիոնների, Եվրոպայի և Կոնգերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին: