Բացել լրահոսը Փակել լրահոսը
265523054_2080361125463081_1515453103838355222_n
A A
Պաշտոնական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել․ ԱՀ ԱԺ խմբակցություններ

1991 թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով՝ Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով վճռական «այո» ասաց արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի(Արցախի) Հանրապետությանը : Այս մասին հայտարարություն են տարածել ԱՀ ԱԺ խմբակցությունները։
 
Արցախի ժողովրդի այդ քայլը վերարժևորեց հայի արժանապատվությունը և իր հայրենիքում ազատ ապրելու կամքն ու վճռականությունը:
 
30 տարիների ընթացքում, որպես ժողովրդի կամքի դրսևորում, արցախահայությունը հայրենի հողում ստեղծել է համամարդկային արժեքներով ապրող ինքնիշխան, իրավական և սոցիալական պետություն:
Ադրբեջանի մշտական սպառնալիքների և թշնամական վերաբերմունքի պայմաններում Արցախի Հանրապետության քայլերը նպատակաուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը:
 
Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ, բռնազավթվել է հանրապետության տարածքի մեծ մասը, ոչնչացվել նյութական և ազգային մշակութային ժառանգությունը:
 
Հետպատերազմյան ամիսներին Ադրբեջանի հայատյացության, սադրիչ, ագրեսիվ հռետորաբանության և այդ ամենից բխող գործողությունների պայմաններում արցախահայությունը՝ հավատարիմ 1991թ. պատմական որոշումներին, հաղթահարելով դժվարությունները, կառուցում է իր ապագան:
 
Գլուխ ենք խոնարհում նահատակված բոլոր այն քաջորդիների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի Հանրապետության և արցախահայության ազատ ապրելու իրավունքի:
Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի համար առաջնահերթ են մնում պետության միջազգային ճանաչման, բռնազավթված տարածքների ազատագրման, տեղահանված ազգաբնակչության հայրենադարձության, ռազմագերիների, պատանդների անվերապահ ազատման, հայկական ազգային մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը:
 
Ի դեմս միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքից բխող պահանջների իրացման գործում:
 
ԱՀ ԱԺ « Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
ԱՀ Աժ «Միասնական հայրենիք» խմբակցություն
ԱՀ Աժ «Արդարություն» խմբակցություն
ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
ԱՀ ԱԺ «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն»խմբակցություն