Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

«Բարսելոնան» 21 տարում առաջին անգամ դուրս մնաց չեմպիոնների լիգայից

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում հայտնի դարձան փլեյ-օֆֆի ևս 3 մասնակիցներ:

 

Ընտրական E խմբում 1/8 եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Լիսաբոնի «Բենֆիկան», որը 6-րդ տուրում 2:0 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին», վաստակեց 8 միավոր և առաջ անցավ 2-րդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որը Գերմանիայում 0:3 հաշվով պարտվեց խմբի ընդգծված  առաջատար Մյունխենի «Բավարիային»: Իսպանական ակումբը վերջին 21 տարում առաջին անգամ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:

 

F խմբում կայացած միակ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում ոչ-ոքի` 1:1 խաղաց «Յանգ Բոյզի» հետ: Անգլիական ակումբը վաստակեց 11 միավոր և գրավեց առաջին տեղը: Երկրորդ ուղեգրի համար կպայքարեն իտալական «Ատալանտան» և իսպանական «Վիլյառեալը», որոնց հանդիպումը հետաձգվել է Իտալիայում տեղացած ձյան պատճառով: Այն կկայանա այսօր: Փլեյ-օֆֆ մտնելու համար իտալական ակումբին հարկավոր է միմիայն հաղթանակ, իսկ իսպանացիներին ձեռք է տալիս նաև ոչ-ոքի արդյունքը:

 

G խմբում հաղթանակ տարան երկու առաջատարները: Ֆրանսիայի գործող չեմպիոն «Լիլը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց գերմանական «Վոլֆսբուրգին», վաստակեց 11 միավոր և գրավեց առաջին տեղը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության մատնեց իսպանական «Սևիլյային» և նունպես մտավ փլեյ-օֆֆ: Վերջինը ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում:

 

H խմբում առաջին տեղը զբաղեցրեց Թուրինի «Յուվենթուսը», որը վերջին խաղում 1:0 հաշվով հաղթեց Շվեդիայի չեմպիոն «Մալմյոյին» և երկու միավորով առաջ անցավ Լոնդոնի «Չելսիից», որը հյուրընկալվելիս ոչ-ոքի` 3:3 խաղաց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Ռուսաստանի չեմպիոնը եկող տարի պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում:

 

Փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին: