Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արարատ Միրզոյանի Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության, ռազմագերիների հարցը (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ՝ այդ առումով նշելով նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը՝ տեղեկացնում է ԱԳ նախարարությունը։

Նախարար Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հումանիտար օգնության տրամադրման համար։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները։ Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։ Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։