Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Քաղաքականություն

Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ նոյեմբերի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Դիմիտրիոս Մարկոպուլոսն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

Այնուհետեւ հյուրերը ծանոթացել են հուշահամալիրի ստեղծման պատմությանը: Նրանց է ներկայացվել նաեւ Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են 20-րդ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների հետեւանքով զոհված հայերի հիշատակին:

Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին:

Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով՝ հիշում ենք եւ չենք մոռանա: