Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo (6)
A A
Պաշտոնական

Խնդրահարույց կետեր կան․ «Երեմյան Փրոջեքթս»-ը՝ թունավորման դեպքերի փորձաքննությունների մասին

Ռեստորանային բիզնես գործունեություն ծավալող «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունն անդրադարձել է վերջին շրջանում հասարակական սննդի օբյեկտներում սննդային թունավորումների դեպքերին։ «Երեմյան Փրոջեքթս»-ի հայտարարության մեջ ասվում է․

Վերջին շրջանում Երևանում հաճախացել են սննդային թունավորման դեպքերը։ Սույն թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ նմանատիպ իրավիճակ արձանագրվեց նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պատասխանատու է իր հաճախորդների առողջության համար, և մենք առաջին իսկ օրվանից սերտորեն համագործակցել ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հետ, որպեսզի կարողանանք արագ վերհանել պատճառներն ու կոտրել դեպքերի տարածման շղթան, հետամուտ ենք եղել, որ պատշաճ կերպով իրականացվեն բոլոր հետազոտություններն ու փորձաքննությունները։ Բայց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից նոյեմբերի 23-ին և 24-ին հրապարակված հայտարարությունները ոչ միայն չտվեցին ակնկալվող սպառիչ պատասխանները, այլև շատ ու շատ նոր հարցեր առաջ բերեցին այդ արդյունքների արժանահավատության վերաբերյալ։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը գրություն է ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարություն՝ այդ խնդրահարույց կետերի պարզաբանման նպատակով։

 

Սույն թվականի նոյեմբերի 23-ին ժամը 20:15 ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը հայտարարություն տարածեց առ այն, որ սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հասարակական սննդի օբյեկտից: Նրանց մոտ նոյեմբերի 17-19-ն ընկած ժամանահատվածում ի հայտ են եկել աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ: Լաբորատոր հետազոտությունների նպատակով կատարվել են նմուշառումներ:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին ժամը 16:13 ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ը անմիջապես տարածեց հաջորդ հաղորդագրությունն առ այն, որ արդեն հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» հանրային սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները, որի համաձայն ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։ Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։ Միաժամանակ նշվում է, որ բուրգերի համար նախատեսված տավարի հում մսի մեջ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):

Այս երկու հայտարարություններում առկա պնդումները  խնդրահարույց են մի շարք առումներով։ Այսպես․

  • Նմուշառում կատարվել է մի շարք մթերքներից, սակայն հայտարարություն է տարածվել միայն ջրի, մակերեսների և լվացուկների ու տավարի հում մսի մասով՝ անտեսելով մնացածում հարուցիչների առկայության կամ բացակայության փաստը։
  • Նմուշառում կատարվել է նաև ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Միաժամանակ սահմանված կարգով նմուշներ են տրամադրվել երրորդ չեզոք լաբորատորիայի, որոնք սակայն մինչ օրս չեն տվել եզրակացություն՝ մեկնաբանելով, որ պահանջված ընթացակարգերի համապատասխան հետազոտություններ իրականացնելու և նման եզրակացություն տրամադրելու համար մի քանի օրը բավարար չէ։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ը կարողացավ այդքան սեղմ ժամկետներում ներկայացնել արդյունքները, իսկ մյուսները՝ ոչ։
  • ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը փորձաքննությունը պատվիրել է իր կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղի» փորձարկման լաբորատորիային, որի հավատարմագրման վկայականը դադարեցված է 10.10.2021 թվականի դրությամբ (https://www.armnab.am/AP02T01_view?APNumber=LB00000069)։ Բացի այդ՝ «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղի» փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման վկայականի դադարեցման մասին վկայում է նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրը (eaeunion.org) և այս փաստն ավելի է ընդլայնում անպատասխան մնացած խնդրահարույց հարցերի շրջանակը, քանի որ ըստ Եվրասիական տնտեսական միության Պայմանագրով հաստատված հավելված 9-ի 5-րդ կետի՝ Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) պետք է ընդգրկվեն Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում։
  • ԵԱՏՄ հանձնաժողովի խորհդի 09.10.2013թ․ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին թիվ 68 որոշման 133-րդ հոդվածի համաձայն՝ Մսամթերքի համապատասխանության հավաստումն ․․․իրականացվում է ․․․ Մաքսային միության փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) մասնակցությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա` համապատասխանության հայտարարագիրը ընդունելու միջոցով: Այսինքն այս փաստաթուղթը ևս պահանջում է, որ փորձարկման լաբորատորիան լինի հավատարմագրված և ընդգրկված ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում։

Արդեն իսկ մեր կողմից վերհանված անհամապատասխանությունները հիմք են հանդիսանում, որպեսզի մենք պահանջենք բացատրություններ լաբորատոր հետազոտությունների իրականացման մեթոդաբանության և ընթացակարգերի մանրամասների վերաբերյալ։

Այս պահի դրությամբ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը սպասում է ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի և երրորդ չեզոք, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ընդգրկված լաբորատորիաների եզրակացություններին։ Մեզ առավել հետաքրքրում է ոչ միայն այս կամ այն սննդամթերքում համապատասխան հարուցիչի առկայությունը կամ բացակայությունը, այլև առաջնային խնդրի բացահայտումը՝ հայտնվելու պատճառները, հնարավոր տարածման ուղիները, ինչպես նաև այլ մթերքներին փոխանցման և փոխկապակցման հավանականությունը։

Մենք վստահ ենք, որ մեր սկզբունքայնության,  հետևողականության շնորհիվ, ի վերջո, հնարավոր կլինի պարզել մեր երկրում օրեցօր հաճախակիացող դեպքերի իրական պատճառը և կանխել դրանց տարածումը՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին։ Այսօր այս դեպքերից  տուժել են հարյուրավոր քաղաքացիներ, որորնց թվում են ոչ միայն ռեստորանային բազմաթիվ ընկերությունների այցելուներ, այլև երեխաներ։  Ու սա մեզ ավելի է պարտավորեցնում, որ հետամուտ լինենք բացահայտելու հանգամանքները և վերջնականապես կոտրենք շղթան։

 

«Երեմյան Փրոջեքթս»