Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե կառուցեն այդ երկաթուղին, Հայաստանը կշրջափակեն վերջնականապես․ Գագիկ Աղաջանյան (տեսանյութ)

 

«Շրջափակումը միակողմանի չի եղել, կյանքը ցույց տվեց, որ մենք Ադրբեջանին ավելի շատ ենք շրջափակման մեջ պահում։ Եվ այսօր իր տարածքների ապաշրջափակման մասին ավելի շատ Ադրբեջանն է խոսում, քան թե մենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային հնարավոր ապաշրջափակմանը։

Նրա խոսքերով ՝ ապաշրջափակումը Ադրբեջանին պետք է Նախիջևան դուրս գալու և Նախիջևանից Թուրքիա գնալու համար։

Գ․Աղաջանյանը նաև ասում է, որ այդ երկրի կողմից պլանավորվող երկաթուղին, որ պետք է Ադրբեջանից Հայաստանի տարածքով մտնի Նախիջևան, հետո Երասխով նորից Հայաստան չի մտնելու, ինչպես մենք ենք սպասում։ Ծրագրվում է, այն Նախիջևանից հասցնել մինչև Թուրքիա՝ Կարս։ «Եվ Հայաստանը վերջնականապես կշրջափակեն նաև հարավից։ Այդ ծրագրերը կան, անգամ կայարանից կայարան նախնական հաշվարկներ են արել։ Եվ դու դրա դեմ ոչինչ չես կարող անել, այլ բան է, թե մենք ինչ պետք է անենք»,- ասում է Գ․Աղաջանյանը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանն ու դրանից հետո մեր տնտեսությանը սպառնացող վտանգներին, Աղաջանյանն ասում է Թուրքիայի տնտեսությունն այդքան հեշտ չի կարողանա կլանել ՀՀ տնտեսությունը․ «Վրաստանի տնտեսության հետ մի համեմատեք, Վրաստան անհամեմատ հեշտ մտավ։ Եվ մտավ այն ժամանակ, երբ այդ երկիրը բավական աղքատ էր, ընդամենը 350 մլն դոլարի բյուջե ուներ։ Թուրքիան ՀՀ տնտեսությունը կլանելու ոչ մի շանս չունի, քանի որ հայկական շուկան կայացած է, գործարար խավը կայացած է»։

Գ․Աղաջանյանը խոսեց նաև Հյուսիս-Հարավ մայրուղուց և ասաց, որ դրա կառուցումը պետք էր սկսել Սյունիքից և ոչ թե Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ հատվածներից։ Եվ ենթադրում է, որ նախկին իշխանությունները հակառակն արեցին այն պատճառով, որ նրանց պետք էր արագ ներդրումներ, ինչ-որ ցուցանիշներ ցույց տալ։

 

Մանրամասները՝   տեսանյութում։