Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Կոնստանտին Օրբելյանը պարգեւատրվել է երաժշտական մշակույթում ունեցած ավանդի համար

ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, դաշնակահար, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին «Ռուսական կատարողական արվեստ» հիմնադրամի փորձագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է «Երաժշտական մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար» պարգև-մեդալը։

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Մոսկվայում «Նոր դար» գալա համերգի ավարտին, որը նվիրված էր Մ․Մ․ Իպոլիտով-Իվանովի անվան Պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 100-ամյակին։

Մաեստրո Կ․ Օրբելյանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար նշելով․ «Տասնամյակներ շարունակ ես մեկ կարևոր սկզբունք եմ ունեցել. երաժշտությանը ծառայել անմնացորդ նվիրումով: Վստահ եմ, որ երաժշտության կենարար ուժն ու ազդեցությունը հատկապես մեր օրերում անչափ կարևոր են հաղթահարելու համար բոլոր այն դժվարությունները, որոնք պատուհասել են աշխարհին:

Մեկ անգամ ևս ընդունեք իմ երախտիքը այս պարգևին արժանացնելու համար, իսկ Ձեր գործունեությանը ցանկանում եմ հաջող ընթացք»: «Ռուսական կատարողական արվեստի» հիմնադրամը ստեղծվել է հայտնի երաժիշտների, մշակույթի գործիչների և ռուս գործարար համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել և զարգացնել կատարողական արվեստի ավանդույթները՝ որպես ազգային մշակութային ժառանգության և համաշխարհային մշակույթի եզակի մաս։

«Ռուսական կատարողական արվեստի» հիմնադրամը համագործակցում է պետական և հասարակական այնպիսի կազմակերպությունների հետ ինչպիսիք են ՌԴ մշակույթի նախարարությունը, Ռուսաստանի մշակույթի հիմնադրամը, Երաժշտական գործիչների միջազգային միությունը, Ռուսաստանի կոմպոզիտորների միությունը, Մոսկվայի պետական ֆիլհարմոնիկ ընկերությունը, Մոսկվայի Երաժշտության տունը և այլն։