Բացել լրահոսը Փակել լրահոսը
260044121_1848467285340373_7057962700749025222_n
A A
Պաշտոնական

Համապետական կարանտին՝ Արցախում

 
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 22-ին անցկացրել է խորհրդակցություններ՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում հանրային տրանսպորտի, հանրային սննդի օբյեկտների գործունեության և իրազեկման ու վերահսկողության աշխատանքների հետագա կազմակերպման շուրջ:
 
Խիստ մտահոգիչ որակելով մահվան դեպքերն ու հիվանդացության աճող թվերը՝ Արտակ Բեգլարյանը հայտնել է հանրապետությունում առաջիկա օրերին համավարակով պայմանավորված համընդհանուր սահմանափակումներ կիրառելու գործադիրի նախաձեռնության մասին: Պետական նախարարը շեշտել է համապետական կարանտինի ժամանակ շահագրգիռ սուբյեկտների գործուն աջակցության ու բարձր կարգապահության անհրաժեշտությունը: Նա ընդգծել է հատկապես հանրային սննդի ու տրանսպորտի ոլորտներում կանխարգելիչ աշխատանքների կարևորությունը դեպքերի նվազման գործում:
 
Ա. Բեգլարյանը վստահեցրել է, որ պետությունը, ըստ անհրաժեշտության, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների հետևանքով տնտեսվարողների կրած վնասները մեղմելու մեխանիզմներ է մշակելու և ներդնելու:
 
Պետնախարարը կարևորել է նաև քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքների ու մասնագիտական խորհրդատվությունների պարբերաբար անցկացումը՝ պատվաստումների միջոցով կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու հարցում: