Բացել լրահոսը Փակել լրահոսը
1637580642
A A
Մշակույթ

Արտավազդ Փելեշյանը Ամստերդամում հատուկ մրցանակի է արժանացել

Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում (IDFA) Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» (ստեղծագործական նվաճումների համար) հատուկ մրցանակին: Այս մասին հայտնում է «Կինոաշխարհը»:

Փառատոնի շրջանակում նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան: Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չի կարողացել։ Նրա փոխարեն այն ստանալու են եկել Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի փառատոնային արշավն ու միջազգային հաջողությունները շարունակվում են։ Այն նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության համարտադրությամբ։ «Բնությունը» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։