Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շուշի նռնակ
A A
Պաշտոնական Հասարակություն

Այցելել եմ Նորայր Միրզոյանին, ով կալանավորված կամ ձերբակալված չէ․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առավոտյան այցելել եմ Նորայր Միրզոյանին, ով կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ: Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Այնուհետև հանդիպել եմ նաև Ն.Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է:

Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին:

Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն»:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Արցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին՝ Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր: Ռուս խաղաղապահները ձերբակալել են նրան ու հետո փոխանցել արցախյան կողմին: 

Ավելի ուշ պարզվել է, որ նռնակ նետողը օրեր առաջ Շուշիի մոտակայքում շինաշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցու կողմից սպանված 22-ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրն է: