Որքան շատ լինեն երկու երկրների արվեստագետների միջև շփումները, այդքան արդյունավետ կլինի մեր համագործակցությունը․ Իրանի դեսպանատան ներկայացուցիչ
Աջակցիր «Ա1+»-ինՇատ բարդ է ընդամենը մեկ քննարկման միջոցով ներկայացնել իրանական արվեստի դրսևորումները, քանզի դրանք կայացել են պատմական տարբեր փուլերում՝ քաղաքական և մշակութային տարբեր ազդեցության ներքո։
«Իրանի արվեստը պատմության քառուղիներում» դասախոսությունը ներկայացնելիս անկեղծանում է արվեստաբան Իվետ Թաջարյանը։
Դասախոսությունը ընթանում էր «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսին զուգահեռ։
Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Նկարիչների Միությունում՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ, բաց է նոյեմբերի 1-ից։ Հայ արվեստագետները ներկայացնում են Իրանը ամենավառ գույներով։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային խորհրդական Սայիդ Հոսեյն Թաբաթաբային կարևորում է նմանատիպ միջոցառումների իրականացումը։
«Յուրաքանչյուր հասարակության սերուցքը կազմում են մտավորականներն ու արվեստագետները։ Նրանք հասարակության հայելին են և նրանց աշխատանքների շնորհիվ հնարավոր է կարծիք կազմել տվյալ հասարակության մասին։ Որքան շատ լինեն երկու երկրների արվեստագետների միջև շփումները, այդքան արդյունավետ կլինի մեր համագործակցությունը»,-ասում է Սայիդ Հոսեյն Թաբաթաբային։
Ցուցահանդեսի հաղթողները հնարավորություն են ունենալու մեկնել Իրան՝ բացահայտելու հարևան երկրի մշակութային գաղտնիքները։