Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_Swiss
A A
Տնտեսություն

Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին հուշագիր է կնքվել

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության գործերի հավատարմատար Սթեֆան Կլյոտցլին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համա­դաշ­նու­­թյան միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր:

Համաձայնագրով նախատեսվում է սահմանել, որ շահա­բաժին­ները հարկվելու են արտոնյալ դրույքաչափով, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել շահաբաժինների հարկման արտոնյալ դրույքա­չափի կիրառության առումով մասնակցության չափի շեմը՝ 25ից դարձնելով 50 տոկոս եւ նվազեցնել շահաբաժինների հարկման դրույքաչափերը՝ սահմանելով 0 եւ 5 տոկոս համապատասխան ներդրումների ապահովման դեպքում:

Միջոցառման ավարտին նախարար Խաչատրյանն արդյունավետ է գնահատել Շվեյցարիայի Համադաշնության հետ իրականացված համատեղ ծրագիրը, Հայաստանի հետ ունեցած համագործակցությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Սթեֆան Կլյոտցլին իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ Շվեյցարիան երկարամյա դիվանագիտական հարաբերություններ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարություն