Բացել լրահոսը Փակել լրահոսը
հայաստան3
A A
Քաղաքականություն

Կատարվածը ուղղակի սպառնալիք է՝ Սյունիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգության համար․ «Հայաստան» դաշինք

Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

Հայտարարությունը՝ ստորև՝

 

 

«Կապիտուլյանտը հայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին:

 

Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր:

 

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այլևս ոչինչ չի որոշում: Նրա փոխարեն որոշումներ կայացնում է Ադրբեջանը:

 

Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլ նաև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր: Այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին:

Բայց մենք չենք համակերպվելու:

 

Փաստորեն, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու՝ վարչախմբի օրակարգը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ:

 

Կատարվածը ուղղակի սպառնալիք է՝ Սյունիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգության, Հայաստանի պաշտպանունակության առումով:

 

Սա նաև տնտեսական լուրջ և անկառավարելի ռիսկեր է բովանդակում:

Սիրելի հայրենակիցներ, ստեղծված աղետալի վիճակի այլընտրանքը պատերազմը չէ, ինչպես փորձում են ներկայացնել:

 

Այլընտրանքը արժանապատիվ խաղաղությունն է, ազգային-պետական շահը պաշտպանող նոր իշխանության ձևավորումը: Մենք սկզբնավորել ենք համազգային դիմադրություն իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները: Մենք ճնշումների, ուժային կառույցների բռնարարքների դեմ չենք ընկճվելու, գնալու ենք մինչև վերջ: Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու։

 

Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդը դարձյալ ապրելու է արդար, ուժեղ երկրում»։