Բացել լրահոսը Փակել լրահոսը
А.С.Мирзоян
A A
Պաշտոնական

Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարները շարունակել են կարծիքների փոխանակումը 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության ընդունման 1 տարվա նախաշեմին:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության արդիական հարցերին, տարածաշրջանային և միջազգային խնդիրների առանձին ասպեկտներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ ՀՀ ԱԳՆ պաշտոնական տեքստում նշվում է նաև հետևյալը․

Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքները, որոնցից վերջինի հետևանքով այսօր Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը: