Բացել լրահոսը Փակել լրահոսը
Aqsanna-Avetyan-2
A A
Հասարակություն

Աշխարհի չեմպիոն Աքսաննա Ավետյանը՝ Ախալքալաքից․ jnews.ge

Աքսաննա Ավետյանը արդեն 10 տարի է կարատեով է զբաղվում։ Հիմա արդեն առանց սպորտի իր կյանքը չի պատկերացնում։ Համարյա 215 մեդալ ունեցող աղջնակն ուզում է դառնալ լավ իրավաբան, զուգահեռաբար չթողնելով սպորտը։

Աքսաննայի ծնողները նրան 7 տարեկանում տարել են կարատեի։ Եթե նրա հասակակիցները դրսում են խաղացել, վազվզել, այդ ընթացքում Աքսաննան պարապմունքների է եղել։

«Փոքր ժամանակ, երբ ինձ հետաքրքիր էր դրսի խաղերը, ընկերներիս հետ խաղալը, ստիպված էի գնում պարապմունքի, հետո հասկացա, որ այդ խաղերը միշտ կլինեն, սպորտն ինձ պետք է, դա իմ կյանքն է», – ասում է Աքսաննան։

Նա ոչ մի դեպքում, ոչ մի պարապմունք բաց չի թողել, եղել է ընդհանրապես չի գնացել միջոցառման, կամ կեսից թողել ու գնացել է սպորտդահլիճ։

Սպորտաձևի ընտությունը եղել է նրա մայրիկինը։ Մայրը մանկուց երազել է դառնալ կարատեիստ, սակայն չի իրականացել իր երազանքը, այդ իսկ պատճառով որոշել է, որ աղջիկը հայտնի կառատեիստ դառնա:

«Սպորտաձևն ընտրել են ծնողներս, հիմնականում մայրիկս: Նրանք են ինձ տարել առաջին անգամ, ես հիմա նրանցից շատ շնորհակալ եմ, հիմա արդեն մեծացել եմ ու հասկանում եմ, որ սպորտն իմն է»,- պատմում է Աքսաննան։

Գեղեցիկ, կանացի պարմանուհին 10 տարիների ընթացքում բազում հաջողություններ է գրանցել, 13 տարեկանում հասցրել է դառնալ աշխարհի առաջնության չեմպիոն, որն էլ նա համարում է մինչ օրս գրանցած իր ամենամեծ հաջողությունը։

ashxarhi chempioni medal

Չնայած դրան, Աքսաննայի համար յուրաքանչյուր մեդալ իր կարևորությունն ունի:

«Ինձ համար շատ կարևոր է ամեն մի մեդալ, ես քրտինք եմ թափել, դժվարությամբ եմ ստացել: Ունեցածս մեդալների մեջ ես կառանձնացնեի աշխարհի առաջնության մեդալը։ Հիշում եմ ինչքան վախեցած էի, պատկերացնում էի ինչ մասշտաբային մրցույթ է, ինչքան մարդ կլինի, բայց վստահ էի ուժերիս վրա, իհարկե՝ վախ կար մեջս, բայց հաղթեցի ու դարձա չեմպիոն», – ասում է Աքսաննա Ավետյանը։

Կարատեի աշխարհի չեմպիոնուհին հենց առաջին մրցույթում կարողացել է միանգամից չորս մեդալ ստանալ։

«Մրցումներին գնացել էի պապիկիս հետ, հիմա նա պարծենում է, ասելով՝ ես եկա հետդ ու ուժ տվեցի քեզ, դրա համար էլ հաղթեցիր», – ժպտալով պատմում է աշխարհի չեմպիոնուհին:

Աքսաննայի համար կարևոր է եղել ստանալ սև գոտի, նպատակասլաց մարզուհին այսօր ունի՝ ոչ թե մեկ, այլ երկու սև գոտի։ Նա Ախալքալաքում առաջին աղջիկն է, ով սև գոտի է ստացել։

«9 տարի պարապել եմ սև գոտի ստանալու համար, եղել եմ առաջինը մեր քաղաքի մեջ, ով ստացել է սև գոտի ու աղջիկ, դա շատ հետաքրքիր եղավ, չէի պատկերանում, որ ես կհանձնեի քննությունս, քանի որ շատ դժվար էր։ 16 տարեկանում գանցի քննություն հանձնելու Թբիլիսիում, և իմ աշխատասիրության և կամքի ուժի շնորհիվ կարողացա հաջող հանձնել ու ստանալ այդքան երազած սև գոտին։ Երկրորդ գոտին ստացել եմ մի քանի ամսի առաջ», – հավելում նա։

Aqsanna Avetyan sev goti

Այսօր Աքսաննան արդեն ինքն է աշակերտներ մարզում: Չնայած, կորոնավարակի պատճառով մարզադահլիճը փակ է, նա տանն է մարզվում, որպեսզի մրցույթ լինելու դեպքում միշտ պատրաստ լինի։

Աքսաննայի ընտանիքը մյուս տարվանից մշտական բնակության է տեղափոխվում Մոսկվա, իսկ ինքը որոշել է այնտեղ ընդունվել համալսարան և դառնալ լավ իրավաբան։ Նա գիտի, որ դժվար է լինելու ամեն ինչ զրոյից սկսել, բայց չի վախենում:

«Սպորտն ինձ համար կյանք է, ես չեմ պատրաստվում այն թողնել։ Ճիշտ է, ես այս տարի արդեն կվերջացնեմ դպրոցս և պետք է գնամ Մոսկվա սովորելու, սակայն փորձելու եմ կրթությունս ու մարզումներս համատեղել», – ավելացնում է նա:

Նա ծրագրում է Ռուսաստանում հաճախել այնտեղի կարատեի ֆեդերացիա և շարունակել պարապմունքները, մյուս նպատակին՝ օլիմպիական չեմպիոն դառնալու համար։

Աքսաննան աղջիկներին հոդորում է՝ չլսել ոչ մեկի կարծիքն այն մասին, որ կարատեն աղջկա սպորտաձև չէ, այլ չզբաղվել այն գործով, որը իրենք սիրում են։

«Մեր մոտ ընդունված է, որ սպորտը ավելի շատ տղաների համար է, սակայն նրանք շատ սխալ են մտածում, քանի որ հիմա ավելի շատ աղջկան է պետք սպորտով զբաղվել, թեկուզ առողջ ապրելակյերպի համար, ինքնապաշտպանվելու և ինչու ոչ նաև ինքնավստահ լինելու համար։ Շատ են ասել, ինչու ես գնում կարատեի, աղջկա գործով զբաղվի, ես նրանց ուշադրություն չեմ դարձրել, այդ հարցում ինձ օգնել է իմ մարզիչը և ծնողներս», – ասում է Աքսաննա Ավետյանը։

Հիմա արդեն շրջապատում Աքսաննային ողջունում են։ Երբ նա արտասահմանից վերադառնում է բոլորը նրան ջերմությամբ են դիմավորում և խնջույք կազմակերպում։ Կարատեի աշխարհի չեմպիոնուհին նշում է, այսօր իր ընկերները, բարեկամները, դասընկերները հպարատանում են իրենով։

Տանը Աքսաննան օգնում է մայրիկին, դպրոց հաճախում, ընկերների հետ մասնակցում տարբեր միջոցառումների և անդադար պարապում համալսարան ընդունվելու համար։

Կարատեի շնորհիվ աղջիկը, ով սահուն շարժումներով կատարում է իր սպորտաձևի ամեն մի վարժություն, սպորտդահլիճից դուրս գալուց ամեն ինչ թողնում է և վերածվում նուրբ ու փխրուն, սովորական մի աղջկա։