Բացել լրահոսը Փակել լրահոսը
Masdar City-10 MW aerial picture
A A
Տնտեսություն

«Այգ-1» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար Կառավարությունը 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր կհատկացնի

ՀՀ կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում որոշվել է «Այգ-1» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը ներդնել ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում։

Այս մասին հայտնում են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ից:

Նշվում է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան:

Ծրագիրը վերահաստատում է կառավարության հանձնառությունն՝ ուղղված  վերականգվող էներգետիկայի զարգացմանը,  ըստ որի՝ նախատեսվում է  կառուցել  մինչև  1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչև  2030թ․ արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ  հասցնել  առնվազն 15 տոկոսի:

Ծրագիրն ունի կարևոր ռազմավարական նշանակություն, թե' ներդրումային, թե' նաեւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացման, էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման տեսանկյունից:

 

«Այգ-1» ծրագիրն իրականացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության և «ԱՆԻՖ» կողմից ստեղծված համատեղ ընկերությունը։ «Մասդար» ընկերությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից մեկն է։