Քոչարյանին ձեռնտու չէր Դեմիրճյանի և Սարգսյանի միասնությունը, որովհետև ինքը մնում էր ստվերում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու չէր Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի միասնությունը, որովհետև ինքը մնում էր ստվերում։ Շատ բնական է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միասնություն», հետո Հանրապետական խմբակցությունների անդամ Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը։
Նախկին պատգամավորն ասում է, որ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանությունն այն ժամանակ բոլորին էր ձեռնտու՝ հաշվի առնելով «մարդկային թուլությունները»՝ կոռուպցիան, թալանը, սպանությունները։ Համոզված է, որ եթե Վ․Սարգսյանը շարունակեր պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, կբացահայտեր այդ հանցագործությունները։
Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ը կազմակերպելու մեջ Ռ․Քոչարյանի նկատմամբ եղած կասկածներին՝ ասում է, որ թեև Վ․Սարգսյանի և Կ․Դեմիրճյանի միասնությունը նրան ձեռնտու չէր և ձեռնտու էր այդ ոճրագործությունը, բայց նա դա կազմակերպելու հզորությունը չուներ։
Միաժամանակ հավելում է, որ թե՛ Ռ․Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, այդ ոճրագործությունը բացահայտելու շահագրգռվածություն չի նկատել։ Ավելին՝ ՀՀԿ-ն տեր չի կանգնել Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը։ «ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն էր, բայց իշխանություն չէր։ Հիշեք, որ Քոչարյանն ասում էր, ցուցակը ես եմ կազմում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում