Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Թուրք մրցավարի պատճառով զրկվեցինք մեդալից․ Վազգեն Բադալյան (տեսանյութ)

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում թիմի ցույց տված արդյունքներից։ Նշենք, որ մեր երիտասարդ բռնցքամարտիկները նվաճել են 5 մեդալ, այդ թվում՝ 2 ոսկի։

«Մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ, քանի որ քառորդ եզրափակիչ էին մտել  8 բռնցքամարտիկ, իսկ դա նշանակում էր, որ հաղթանակի դեպքում նրանք կդառնային մեդալակիր։ Սակայն, տարբեր պատճառներով մենք մեդալներ կորցրինք։ Օրինակ, 54 կգ քաշային կարգում Սուրեն Ռուբինյանին մեդալից զրկեց Վրաստանը ներկայացնող մրցավարը, որը ազգությամբ թուրք էր (ես այդպես եմ անվանում նաև ադրբեջանցիներին) և հաղթանակը միտումնավոր շնորհեց հակառակորդին։ Բացի այդ, նախնական վիճակահանությունն այնքան էլ բարեհաճ չգտնվեց մեր հանդեպ, սկզբնական փուլում մերոնց բաժին հասան ուժեղ մրցակիցներ, որոնք հետագայում հաղթեցին իրենց քաշային կարգերում։

Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ թիմի ելույթից, քանի որ 38 երկրների մեջ գրավեցինք 3-րդ տեղը, որի համար գավաթ ստացանք։ Առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանը, 2-րդ՝ Ուկրաինան», - այսօր «Արմենպրեսում» կայացած մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը։

Ասուլիսին ներկա էին Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ Հենրիկ Սահակյանը և Հենրիկ Ճղրիկյանը, ինչպես նաև միակ աղջիկ մրցանակակիր, արծաթե մեդալակիր Էլիդա Քոչարյանը։ Նրանք միաձայն նշեցին, որ իրենց հիմնական նպատակն է մասնակցել 2024թ Փարիզի օլիմպիական խաղերին։

«Ա1+»-ի այն հարցին, արդյոք երիտասարդ բռնցքամարտիկները կհասցնեն լավ պատրաստվել առաջիկա օլիմպիական խաղերին, Վազգեն Բադալյանն ասաց։

«Մենք օրինակներ ունենք, որ բռնցքամարտում օլիմպիական չեմպիոն են դարձել անգամ 18-19 տարեկան հասակում։

Հավատում եմ, որ տղաները կհասցնեն պատրաստել Փարիզի օլիմպիական խաղերին, հատկապես մեդալակիրները, որոնք շատ աշխատասեր են և նրանց հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել», - եզրափակեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։