Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՄԻՊ. Ադրբեջանցիներն ամրանում են Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ. (տեսանյութ)

Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ ———— ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն: Սրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը: Նախ, Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարության պատճառն այն էր, որ ադրբեջանական զինված ուժերի արարքներով կոպտորեն ոտնահարված են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները (գնդակոծվում է քաղաքացիական բնակչությունը, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից և այլն): Պաշտպանին են շարունակում հասցեագրվել քաղաքացիների բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ: Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա: Հոկտեմբերի 18-ի հայտարարության նպատակն էր ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները և այդ արարքների անմիջական կապը ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, սեփականության և կենսական մյուս իրավունքների խախտումների հետ: Հարցն այն է, որ հենց նման արարքներին են հաջորդում նրանց հետագա հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունները քաղաքացիական բնակչության և զինծառայողների վրա, որ պաշտպանում են հենց այդ բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ ապրելու և այլ կենսական իրավունքներ: Ընդ որում, նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով։