Բացել լրահոսը Փակել լրահոսը
16347167678854
A A
Պաշտոնական

Սիերա Լեոնեի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրեր է հանձնել փոխարտգործնախարարին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալի Բադարա Կամարային (Alie Badara Kamara)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Թեհրան): Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Շնորհավորելով Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպան Ալի Բադարա Կամարային նշանակման կապակցությամբ՝ Արմեն Ղևոնդյանը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Սիերա Լեոնեի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ԱԳ նախարարի տեղակալին, նշեց, որ իր գործունեության ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու նպատակով։ Երկուստեք կարևորվեց համատեղ քայլերի ձեռնարկումը՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը խթանելու նպատակով։

Հանդիպման ընթացքում Արմեն Ղևոնդյանը դեսպանին համապարփակ կերպով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։