Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այո, Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցված է իմ աշխատասենյակում․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

Օգոստոս ամսվա տվյալներով ՀՀ-ում աշխատատեղերի թիվը 642․292 է, իսկ հարկման բազան կազմել է շուրջ 139,1 մլրդ, միջին աշխատավարձն էլ 216․665 դրամ է, ինչը գերազանցում է 2019-20թթ․ ցուցանիշները։ Այս մասին ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Բացի այդ, 2021թ․ 9 ամիսների ընթացքում հավաքագրվել է 1 տրիլիոն 137 մլրդ հարկ և այս թվերը կրկին աճել են 2019թ․ և 2020թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ։

Լրագրողը հարց ուղղեց, թե ինչով է բացատրում Բադասյանը հարկերի աճը մյուս տարիների հետ համեմատած և արդյոք դա կապված չէ Հայաստանում ապրանքների գնաճի հետ, քանի որ շրջանառությունն ու հարկային մուտքերն ավելի շատ են։ ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ եթե նայենք ըստ առանձին ցուցանիշների, ակնհայտ է, որ բոլոր ցուցանիշներով կա աճ։

«Հաշվարկային փաստաթղթերի քանակի աճ կա նաև թե՛ գումարային, թե՛ գործարքային քանակով։ Այսինքն ես սա ավելի շատ կապում եմ տնտեսական որոշակի ակտիվության հետ։ Ինչ վերաբերում է գնաճին, միանշանակ է, որ որոշակի ազդեցություն ունի, բայց դա չի կարելի գերագնահատել», - ասաց նա։

Լրագրողներից մեկը նշեց, որ Բադասյանը նոր է նշանակվել այս պաշտոնում և «կադրային ջարդ» է սկսվել, աշխատանքից ազատվում էին երկարամյա աշխատակիցներ և նա հարց ուղղեց, թե ինչով է դա պայմանավորված, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ կադրային ջարդ ՊԵԿ-ում չի իրականացվում, այլ իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն, որ բնական է ցանկացած պետական մարմնի համար։

«Կադրային քաղաքականության հիմքում ընկած է միայն մեկ սկզբունք․ այն, որ առաջխաղացման նախապատվությունը տալիս ենք համապատասխան պոտենցիալ ունեցող աշխատակիցներին։ Մնացած բոլոր փոփոխությունները բնական երևույթ են կրում», - ասաց Ռուստամ Բադասյանը։

Հարցին, թե արդյոք Ռուստամ Բադասյանի աշխատասենյակում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, նա պատասխանեց․ «Այո, փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը, որովհետև այդպես է սահմանված նոր կարգը ու այդպիսի ընթացակարգ է գործում»։