Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Հասարակություն

Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց. Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է՝ Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

 

Նա նշել է, որ եռակողմ հայտարարությունից հետո տարբեր թեմաների շուրջ տարբեր քննարկումներ են եղել և տարբեր մոտեցումներ են ներկայացվել: «Ոչ միայն նոյեմբերի 9-ը, այլ նաև պատերազմը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Եվ իսկապես, պատերազմը տարածաշրջանի վրա ահռելի մեծ ազդեցություն է ունեցել: Այն նաև դաշտ է բացել, որպեսզի ահաբեկիչները և այլ պետության զինված ուժերը ներկա գտնվեն մեր տարածաշրջանում: Սրա արդյունքում ընդհանուր տարածաշրջանում ապակայունություն է ստեղծվել: Մենք բազմիցս բոլորին զգուշացրել ենք սրա մասին, բայց այդ զգուշացումները չեն օգնել, որ մենք կարողանանք կանխել այս գործընթացը: Ինչ վերաբերվում է ապաշրջափակմանն՝ ուզում եմ նշել, որ դրա մասին կոնկրետ նշված է ինչպես նոյեմբերի 9-ի, այնպես էլ հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում:

Ուզում եմ հստակ նշել, որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք: Չնայած դրան, Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջանցքի քննարկում կա: Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանն երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց»,- ասել է Գրիգորյանը:

 

Նա հավելել է, որ այս մոտեցումը փոխանցել են ոչ միայն գործընկերներին, այլ պարբերաբար հրապարակային նշել են սրա մասին: «Ավելին ասեմ, նախընտրական շրջանում հենց Կապան քաղաքում՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ միջանցք չի եղել, չկա և չի լինելու: Գիտեք, որ այս ընտրությունների ընթացքում մենք ստացել ենք բացարձակ աջակցություն ժողովրդի կողմից, ինչը նշանակում է, որ հանրությունն ևս աջակցում է մեզ՝ միջանցք չտրամադրելու հարցում: Այսինքն սա նաև հանրային ընկալում է, որ միջանցք չպետք է լինի:

Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել»,- նշել է Արմեն Գրիգորյանը: