Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գերմանիան ու Դանիան նվաճեցին Քաթար-2022-ի առաջին ուղեգրերը. 7 տեղ դեռ թափուր է

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտում կայացան 7-8-րդ տուրի հանդիպումները:

Ընտրական J խմբում Գերմանիայի հավաքականը հաղթելով Ռումինիայի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիներին (2:1, 4:0), վաստակեց 21 միավոր և առաջինը նվաճեց Քաթար-2022-ի ուղեգիր:

Եվրոպական գոտում 2-րդ ուղեգիրը նվաճեց Դանիայի հավաքականը, որը նախ 4:0 հաշվով ջախջախեց Մոլդովային, ապա 1:0 հաշվով պարտության մատնեց Ավստրիային և տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը: Ի դեպ, դանիացիները մրցակիցների դարպասը խփել են 27 գոլ, իսկ սեփականն անառիկ են պահել: Այս` F խմբում, անցումային տեղի համար պայքարում են Շոտլանդիան ու Իսրայելը:

Աշխարհի 2022թ առաջնության ուղեգրից մեկական հաղթանակ է բաժանում Ֆրանսիայի (D խումբ) և Բելգիայի (E խումբ) հավաքականներին, որոնք ընթացիկ տուրերում զբաղված էին Ազգերի լիգայի եզրափակիչ փուլով: Ի դեպ, աշխարհի չեմպիոնները եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Իսպանիային, առաջին անգամ տիրեցին պատվավոր նոր մրցանակին:

Քաթար-2022 մեկնելու լուրջ հայտ ներկայացրին Սերբիայի, Շվեդիայի, Ռուսաստանի և Նիդեռլանդների հավաքականները, որոնք ընթացիկ տուրերում տարան երկուական հաղթանակ և գլխավորեցին իրենց խմբերի աղյուսակները: Սակայն դրանց, ինչպես նաև Իտալիայի ու Անգլիայի հավաքականներին, դեռևս լուրջ պայքար է սպասվում վերջին երկու տուրերում:

Հավելենք, որ այս խաղերից հետո մեծ թվով հավաքականներ դուրս մնացին ուղեգրերի համար պայքարից: Մասնավորապես` Բուլղարիայի, Իռլանդիայի, Ավստրիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Հունգարիայի հավաքականները կարևոր միավորներ կորցրին և զրկվեցին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին կամ անցումային խաղերին մասնակցելու իրավունքից: Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է J խմբում, որտեղ անցումային խաղերի համար պայքար են մղում միանգամից 4 հավաքականներ` Ռումինիան, Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանը և Իսլանդիան:

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի վերջին` 9-10-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 11-16-ը: