Շիրխանյանը բժշկական փորձաքննության կենթարկվի
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովային փորձաքննություն կնշանակվի։ Այդպիսի որոշում այսօր կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը։
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը դեռ օգոստոս ամսին գլխուղեղի կաթված էր ստացել եւ չէր կարողանում ներկայանալ դատական նիստերին։
Մինչ այդ դատարանում քննարկվեց մի քանի տարբերակ՝ գործից մաս անջատել, դատական նիստերը հետաձգել այնքան ժամանակով, մինչեւ Վահան Շիրխանյանը առողջանա եւ նշանակել փորձաքննություն։
Դատավարության կողմերը միանշանակ կողմ էին փորձաքննության նշանակմանը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը որոշեց նշանակել փորձաքննություն եւ փորձագետներին տալ այնպիսի հարցեր, որոնցով պարզ կդառնա՝ արդյոք Շիրխանյանը ունի՞ այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատական նիստին մասնակցելու համար։
Փորձաքննությանը մասնակցելու է նաեւ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Իսկ դատական հաջորդ նիստը տեղի կունենա այն ժամանակ, երբ պարզ լինի փորձաքննության եզրակացությունը։