Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (27)
A A
Հասարակություն

Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար. «Վստահ եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարբեր ուղղություններով առկա մեր փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և նպաստել նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրականացմանը»: 

 

Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը և Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղմանը: Վահրամ Դումանյանը վերահաստատել է Հայաստանի լիարժեք աջակցությունն առաքելության իրականացմանը և շնորհակալություն հայտնել հարցին պատշաճ ուշադրություն դարձնելու համար:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» նախաձեռնության շուրջ համագործակցությունը, և կարևորվել է մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, մասնավորապես՝ հակամարտությունից տուժած գոտիներում: Նախարարը նշել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում է գտնվել Մոսուլի հին ձեռագրերի վերականգնման աշխատանքներով զբաղվող փորձագետների պատվիրակությունը՝ Քաղդեական եկեղեցու, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ, և հույս է հայտնել, որ համագործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը կարող է լավագույն փորձի փոխանակման միջոցով իր նպաստը բերել համաշխարհային մշակույթի պահպանման կարևոր գործում։

 

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ