Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մինչև հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւմ է կայանում ընդդիմության ասած այդ անհարմարությունը (տեսանյութ)

Մեր տղաների զոհվելու արժեքն այն պետք է լինի, որ չհամակերպվենք պարտության հետ և անպայման ապրենք մեր հաղթանակի իղձով, այս մասին Եռաբլուրում ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ պետք է կարճ ժամանակում ուժեղանալու բանաձևը գտնել, սակայն առայժմ նա չի տեսնում այդ բանալին ու քաղաքականությունը։

«Նոր պատերազմն անընդունելի է, բայց պետք է այնպիսի դիվանագիտություն և հարաբերություններ հաստատել թե՛ մեր ռազմավարական գործընկերոջ հետ, և՛ ընդհանրապես տարածաշրջանում, որ կարողանանք վերականգնել կորցրածը», - ասաց Միքայել Մելքումյանը։

Պատգամավորական աշխատանքի ավարտից հետո, նրա խոսքով, խորապես չի ուսումնասիրել Կառավարության նոր ծրագիրը, թեև կարծում է, որ նախորդի և նորի մեջ առանձնապես մեծ տարբերություն չի լինի։

«Որպես տնտեսագետ կարող եմ ասել, որ պատերազմներից հետո երկրները սկսում են թռիչքաձև զարգանալ, եթե առաջանում է կայուն իրավիճակ։ Բայց հիմա մտայնություն այն է բոլորիս մոտ, որ պատերազմը դեռ շարունակում է։ Դրա ապացույցները մեր սահմաններին կատարվողներն են», - ասաց նախկին պատգամավորը։

Արդյոք որպես արտախորհրդարանական ուժ կմիանա՞ն խորհրդարանական ընդդիմությանը, եթե փողոց դուրս գալ որոշեն, նա պատասխանեց, որ եթե առաջ ասում էին, որ նոր ընդդիմությունը լինելու է շատ անհարմար, հիմա ուզում է հասկանալ, թե ինչո՞ւմ է կայանում այդ անհարմարությունը։