Հայատյացության քարոզը ոչ միայն չի նվազել, այլ ստացել է ծայրահեղական նոր դրսևորումներ․ ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը սեպտեմբերի 27-ի կապակցությամբ․
Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվեց ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։
Հենց առաջին օրը Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը: Արցախի խաղաղ բնակիչներ 69-ամյա Գենադի Պետրոսյանը Մադաթաշենից և 82-ամյա Յուրի Ասրյանը Ազոխից դաժանաբար գլխատվեցին. գլխատումների ողջ ընթացքը նկարահանել են հենց ադրբեջանական զինվորականները, որ հետո իրենց բացառիկ ցինիզմը տարածեն և արժանանան «փառքի» խրախճանքի:
Պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ:
Նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ: Այս ամենն ուղեկցվում էր սանձարձակ ու ցինիկ պահվածքով հատուկ նկարած տեսանյութերով՝ հայկական սոցիալական ողջ մեդիան դիտավորյալ լցնելով բռնության տեսարաններով:
COVID-19-ի պայմաններում ադրբեջանական հարձակումները մարդկության դեմ ուղղված հանցանքներ էին, որոնք շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը՝ կատվածահար անելով Արցախի ու Հայաստանի առողջապահության համակարգերը:
Ողջ նշվածն ուղեկցվում էր հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական իշխանությունները միայն խրախուսում էին: Տեղի ունեցածը բերում է միանշանակ հետևության. իրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն:
Չպե՛տք է մոռանանք, որ ադերբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզն այսօր ոչ միայն չի նվազել, այլ ստացել է ծայրահեղական, ֆաշիստական նոր դրսևորումներ: Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը: