Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե 36 գյուղերից արտագաղթը 50 տոկոսից մեծանա, ո՞վ է պատասխանատուն (տեսանյութ)

Սեպտեմբերի 16-ին Գեղամասար համայնքի 18 գյուղերի բնակիչներ փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը և երկաթուղին։ Պատճառներից մեկը ադրբեջանական զորքի՝ մեր վարչական տարածքներում գտնվելն էր, երկրորդը՝ համայնքների խոշորացումն էր։ Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած նիստում ասաց Հայկ Դավեյանը։

Նիստում քննարկվում էր ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

Նրա խոսքով՝ այդ երկու հարցերն իրար հետ կապված են անտեսվածությամբ։ Առաջին դեպքում ադրբեջանցիները կրակում են տների վրա, անասուններ են գողանում և իշխանություններից ոչ մի պատշաճ արձագանք չի ստացվում։ Երկրորդ դեպքում խոշորացնում են համայնքները՝ անտեսելով ժողովրդի կարծիքը։

«Բայց նույնիսկ ճանապարհը փակելուց հետո պատկան ոչ մի մարմին չներկայացավ, բացատրություն չտվեց։ Մինչև հիմա այդ խնդիրները բաց են մնում։ Այս ամենը անխուսափելիորեն հանգեցնելու է սահմանամերձ գյուղերից արտագաղթին։ Եթե Վարդենիսի տարածաշրջանի 36 գյուղերից խոշորացումից մեկ տարի հետո մնան 30-ը կամ արտագաղթը այս տարածաշրջանում հատի 50%-ի սահմանը, ո՞վ է պատասխան տալու», - ասաց Հայկ Դավեյանը։