Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անընդունելի է ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ որոշակի ռազմաքաղաքական նպատակների համար․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին, որին տեղում կամ հեռավար ձևաչափով մասնակցել են երկու կազմակերպությունների անդամ-պետությունների ղեկավարները: Նիստի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

 

Իր ելույթի սկզբում վարչապետ Փաշինյանը ողջունել է պետությունների և պատվիրակությունների ղեկավարներին և նշել. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլոր ներկաներին Շանհայի համագործակցության կազմակերպության 20- ամյակի կապակցությամբ:

 

Անցած տարիների ընթացքում ՇՀԿ-ն կայացավ որպես տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ոլորտում փոխգործակցության կարևոր հարթակ:

 

Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տաջիկստանի նախագահին՝ մեծարգո Էմոմալի Ռահմոնին, ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպման կազմակերպման համար:

 

Մեր հանդիպումը տեղի է ունենում ժամանակահատվածում, երբ Աֆղանստանում արմատական փոփոխությունները երկրում բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել: Նրանց բնույթը զգալի ազդեցություն ունի ոչ միայն երկրում և տարածաշրջանում զարգացումների, այլև ամբողջ աշխարհում իրավիճակի և իրադարձությունների հետագա զարգացման վրա:

 

Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում և նրա շուրջ զարգացումներին:

 

Ռազմական գործողությունների ավարտի, պետական պաշտոնյաների համընդհանուր համաներման, ներառական կոալիցիոն կառավարություն ստեղծելու մտադրությունների, իսլամական իրավական համակարգում կանանց իրավունքների հարգման և երկրում թմրամիջոցների արտադրությունն արմատախիլ անելու ցանկության մասին նախնական փուլում արված հայտարարությունները լավատեսությամբ ընդունվեցին միջազգային հանրության կողմից: Նման միջոցառումների արագ և լիարժեք իրականացումը կնպաստեր երկրում խաղաղության, կարգուկանոնի և կայունության հաստատմանը:

 

Սակայն ստիպված ենք արձանագրել, որ այս փուլում այդ մտադրությունները դեռևս կոնկրետ արտացոլում չեն գտել թալիբների ձեռնարկած քայլերում:

 

Վստահ ենք, որ Աֆղանստանում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման երաշխիքն արդար քաղաքական գործընթացն է` բոլոր աֆղանցիների ներգրավմամբ և երկրում բոլոր էթնիկ և կրոնական համայնքների ներկայացվածությամբ:

 

Դրա համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վերահաստատեն իրենց` տարաձայնությունները բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը:

 

Որպես ՀԱՊԿ անդամ երկիր, մենք ցանկանում էինք, որպեսզի ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծում՝ հավաքական անվտանգության բոլոր շրջաններում խաղաղությունն ու հանգստությունը տիրեր:

 

Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ: Պատեհ պահին համարժեք արձագանքի բացակայության դեպքում դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա արմատականացմանը և ահաբեկչական ցանցերի՝ հարևան երկրներ և հատկապես հակամարտության գոտիներ ներթափանցմանը:

 

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով: Հատկապես անընդունելի է առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ որոշակի ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար:

 

Այս առումով ավելի սերտ երկխոսության և փոխգործակցության կոչ ենք անում, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մակարդակով՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև մեր Կազմակերպության գործող մեխանիզմների շրջանակներում ահաբեկչության սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ արդյունավետ համատեղ գործողությունների իրականացման նպատակով:

 

Շնորհակալություն ուշադրության համար»։

B75I2593.JPG (718 KB)

_T015471.JPG (1.16 MB)