Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գնալ, զոհ դառնալ ադրբեջանական «խաղաղության» խաբկանքին, նշանակում է՝ չեն տիրապետում իրավիճակին․ Օհանյան (տեսանյութ)

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը, ով պատերազմի 40 օրերին Արցախի տարբեր կետերում է եղել, այդ ընթացքում ոչ մի անգամ չի լսել, որ «դավաճան» կոչված տարբեր մարդիկ լուրեր տարածեին, թե հողերն արդեն հանձնված են ու կռվել պետք չէ, ինչպես որ այս մասին բազմիցս հայտարարվել է։

Այս մասին նա նշեց այսօրվա ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու շուրջ մեկ տարի անց դեռևս ոչ մի դավաճանի անուն բացահայտված չէ։

Նա նշեց նաև, որ նման հայտարարությունները մանիպուլյատիվ բնույթի են․ «Եթե այդպիսի տեղեկություններ ուներ Նիկոլ Փաշինյանը, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր, որպեսզի շուրջ մեկ տարվա ընթացքում կարողանայիր բացահայտել։ Ամեն դեպքում, հարուցված քրեական գործեր կան և դրանց և՛ քանակը, և՛ շարունակական աշխատանքը բավականին երկար է տևելու, ու կարծում եմ, որ մեր իրավական համակարգը պատասխան կտա այդ հարցերին»։

Օհանյանի խոսքով՝ ինքը դեմ է մարտական գործողությունների ընթացքը հրապարակավ քննարկել, հատկապես, երբ նշվում են տեղանուններ, զորքեր, առավել վատ է, երբ ցույց են տալիս ինչ-որ քարտեզներ։ Այդ ամենի վերլուծությունը պետք է Պաշտպանության նախարարությունն իրականացնի։

Հայաստանի սահմանին Ադրբեջանի ստեղծած իրավիճակի լուծման առաջին քայլը, Սեյրան Օհանյանի կարծիքով, իրավիճակին գնահատական տալն է․ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել և ո՞րն է պատճառը, որ սահմանային այդ հատվածներում մենք խնդիրներ ունենք։

«Առանց որևէ իրավական հենքի, առանց հակառակորդի հետ խաղաղության պայմանագրի փորձում են այսօր սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնել։ Իշխանությունը խոսում է, որ մենք պատրաստ ենք գնալ սահմանազատման ու սահմանագծման, բայց հիմա չկա այդ իրադրությունը։ Գնալ, հենց այնպես ադրբեջանական զոհ դառնալ նրանց «խաղաղության» խաբկանքին, նշանակում է, որ չեն տիրապետում իրավիճակին», - ասաց Սեյրան Օհանյանը։