Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին զորք է տեղափոխել Երևան նաև Արցախից (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշման դեմ քննությունը․ մարտի 1-ի գործով տուժողներն ու գլխավոր դատախազությունը վիճարկում են երկրորդ նախագահին և նրա նախկին ենթականերին արդարացնելու` առաջին ատյանի որոշումը։

Մարտի 1-ի իրադարձությունների տուժողներից մեկի ներկայացուցիչ​ Սեդա Սաֆարյանը նիստի ընթացքում իր բողոքը ներկայացնելիս նշեց, որ 2008թ․-ին, երբ բազմահազար քաղաքացիներ պահանջ էին ներկայացրել ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, ՊՆ նախարար Միքայել Հարությունյանի, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ԳՇ պետ Սեյրան Օհանյանի հետ Աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են ՀՀ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններ։

«Ռոբերտ Քոչարյանը, ցանկանալով ցանկացած եղանակով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, կարողացել է զորքը տեղափոխել ծայրամասերից, այդ թվում՝ Արցախի հանրապետությունից Երևան։ Առավոտվա խաղաղ ցուցարարների վրա հարձակման գործընթացը և նաև երեկոյան գործընթացները խիստ նախապատրաստված են եղել, և դրա մեջ մեծ դեր է ունեցել Ռոբերտ Քոչարյանը, քանի որ մյուսները, համակարծիք լինելով նրա խոսքին, նաև ենթարկվել են նրա ցանկություններին», - ասաց Սեդա Սաֆարյանը։  

Նա նշեց, որ որևէ այլ պետությունում նման բան չենք տեսնի, երբ շարադրում էին՝ կատարել են այս արարքները, այն արարքները, զոհվել են այսքան մարդիկ ու դադարեցրել են քրեական հետապնդումն այդ մարդկանց նկատմամբ։ Նրա կարծիքով՝ սա անարդարության դասական օրինակ է ու արդարադատության բուն էությունը խախտվել է։