Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Փորձ է արվում ստիպել «Հայաստան» խմբակցությանը փոխել թեկնածուին»․ Ղազինյանն էլի չընտրվեց (տեսանյութ)

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում կրկին փոխնախագահ էին ընտրում: Թեկնածուն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն էր: Արդեն երկու անգամ նրա թեկննածությունն առաջադրված է եղել, սակայն իշխանության ներկայացուցիչները կողմ չեն քվեարկել:

Արթուր Ղազինյանը նշեց, որ երբ տեղեկացել էր արտահերթ նիստի մասին, մտածել էր`օրակարգում ներառված կլինեն ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող ավելի կարևոր հարցեր. «ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը հարյուրերորդական նշանակություն ունի այն խնդիրների նկատմամբ, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջև»:

Նրա խոսքով` Հայաստանի պատմության մեջ այս պաշտոնը երբեք այսքան կարևորություն չի ունեցել և վերջին երկու նիստերում պարզ դարձավ, որ այս հարցի սրումն ու քաղաքականացումը պայմանավորված էր իր անձով. «Բոլոր հնարավոր միջոցներով փորձ է արվում ստիպել «Հայաստան» խմբակցությանը փոխել թեկնածուին»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարց ուղղեց և նշեց, որ ընդդիմությունը իրավունք ունի առաջադրել թեկնածու, իսկ իշխանությունը իրավունք ունի ընտրելու կամ ոչ. «Արդեն երկու անգամ Ձեր թեկնածությունը մերժել ենք, այսօր էլ ենք քվեարկելու։ Արդյո՞ք Դուք Ձեր վրա բարոյական պարտավորություն չեք զգում հանրության և Ձեր թիմակիցների առջև, որպեսզի ինքնաբացարկ տաք և հնարավորություն տաք առաջադրելու մեկ այլ թեկնածուի»:

Ղազինյանը պատասխանեց, որ թեկնածուն ինքնանպատակ չի ներկայացվում՝ տրված է առաքելություն, որ պետք է իրականացվի այս հանձնաժողովում: Երբ խմբակցությունում հարց կբարձրացվի, որ խմբակցության կողմից առաջադրվող թեկնածուն պետք է փոխվի, ինքը դա կընդունի և կհամաձայնի դրա հետ: Արթուր Ղազինյանն այս նիստում էլ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: