Բացել լրահոսը Փակել լրահոսը
02 (4)
A A
Հասարակություն

Հայաստանը՝ համաշխարհային քարտեզի վրա խաղողի ծագման բնօրրան

Միջազգային գիտական ​​կազմակերպությունների դաշինքի (ANSO) միակ դրամաշնորհը Հայաստանում 2021 թ. ստացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ «Խաղողի կենսաբազմազանության պահպանում և հարմարվողական հատկանիշերի մոբիլիզացիա» ծրագրի իրականացման համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը։

Հայ-չինական այս ծրագիրն իրականացվում է Չինաստանի «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, որն ուղղված է մարդկության առաջընթացի և համընդհանուր բարգավաճման համատեղ գործողություններին: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ծրագիրն իրականացնում է Չինաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ: Ծրագրի երրորդ գործընկերն է Ֆրանսիայի լավագույն գիտահետազոտական ինստիտուտներից Institute of Grape and Wine Sciences (ISVV)-ը։

Ծրագիրը կրում է կիրառական բնույթ և միտված է Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ ուսումնասիրմանը, մասնավորապես, հարմարվողական հատկանիշների վերլուծությանը։ Հիմնական նպատակը տեղածին սորտերում և վայրի խաղողի գենոմում չորադիմացկանությունը պայմանավորող գեների հայտնաբերումն է, որը չափազանց կարևոր է կլիմայի գլոբալ փոփոխության կոնտեքստում։

Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության մեկնարկը տրվել է դեռևս 2011 թ-ին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Երևանի պետական համալսարանի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանի նախաձեռնությամբ։ 

Ծրագրի շրջանակներում ամբողջ աշխարհից հավաքագրվել են խաղողի շուրջ 5000 տարբեր սորտեր և վայրի գենոտիպեր, որոնց ամբողջական գենոմը արդեն ռեսեկվենավորվել է։ Ըստ ծրագրի արդյունքների խաղողի հայկական պոպուլյացիայում հայտնաբերվել են գենոտիպեր, որոնք միջանկյալ ձևեր են վայրի և մշակովի խաղողի միջև, ինչը չափազանց կարևոր ֆենոմեն է էվոլյուցիոն տեսանկյունից կուլտուրականացման գործընթացն ուսումնասիրելու առումով։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն 2022 թ-ին:

«Մեր բոլոր նախագծերի վերջնանպատակը Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումն ու հարակայուն խաղողագործություն զարգացնելն է, - ասաց ծրագրի գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը, - պետք է նվազագույն մակարդակի բերել կամ բացառել թունաքիմիկատների կիրառումը և վերսկսել թիրախային սելեկցիոն աշխատանքները՝ ուղղված ռեզիստենտ սորտերի ստացմանը»: