Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գնել Սանոսյան
A A
Պաշտոնական

Խոշորացման գործընթացի ավարտին Հայաստանում կունենանք 78 համայնք․ Սանոսյան

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծի նպատակն է վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ տալ իրավակարգավորումներ, ինչպես նաև կարգավորել նոր համայնքի ձևավորմամբ պայմանավորված համայնքային սեփականություն համարվող գույքի փոխանցման հարցերը:

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: 2011 թ. նոյեմբերի 10-ին հավանության արժանացած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ»-ով ՀՀ կառավարությունը հաստատել է, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվել է նաև այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն: 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 54 համայնք:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 441 համայնք միավորվում է 37 համայնքային փնջով: «Այսպիսով ՀՀ-ում այս գործընթացի ավարտից հետո կունենանք 77 համայնք և Երևանը: Ընդհանուր 78 համայնք կլինի, որից 8-ը՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված»,-ասել է նախարարը: