Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատախազություն
A A
Պաշտոնական

ՀՀ գլխավոր դատախազությունն հրաժարվել է «Մարտի 1-ի» գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից

ՀՀ գլխավոր դատախազությունն Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրաժարվել է «2008թ. մարտի 1-ի» գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։
 
Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի 2008թ. հուլիսի 14-ի դատավճռով Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետով նախատեսված հարցավոր արարքները կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008թ. հոկտեմբերի 3-ին կայացրած որոշմամբ ուժի մեջ էր թողել այդ որոշումը:
 
Հետագայում՝ 2019թ., ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հիմնարար խախտման հիմքով բողոք էր ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ միջնորդելով բեկանել և փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ վերոնշյալ դատական ակտերը՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը մեղսագրված արարքներում:
 
2020թ. մայիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր բողոքը, բեկանել էր այդ դատական ակտերը և քարեական գործն ուղարկել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
 
Եվ ահա 2021թ. սեպտեմբերի 6-ին Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի մեկի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն էր ՀՀ վճռաբեկ դատարանին դիմել Ա. Բարեղամյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու համար:
 
Արդյունքում դատարանի կողմից կայացվել է արդարացման դատական ակտ: